Օրեր առաջ TOGARMA տելեգրամյան ալիքը մանրամասներ է հրապարակել Բաքվի ու Երևանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններից:

Ալիքը նշում է, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր, կա խաղաղ պայմանագրի 2 տարբերակ:

Մոսկվայի տարբերակ

Այս տարբերակում պայմանագիրն ունի «Խովաևի պլան» անունը՝ ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցման հարցերով հատուկ ներկայացուցչի անունով: Ավելի վաղ Խովաևը ՌԴ-ի ներկայացուցիչն էր ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Ըստ այդ պլանի՝ պետք է տեղի ունենար հետևյալը՝

  • 2020թ. Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջանցքի բացումը, այն է՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերահսկողությունն իրականացնում է ՌԴ-ի Անվտանգության ֆեդերալ ծառայության սահմանապահ ծառայությունը: ՀՀ սահմանապահներն այստեղ անելիք չունեն: Տարանցիկ մաքսատուրքերի հարցը կքննարկվի:
  • Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանագծում և սահմանազատում, սահմանների ճանաչում՝ ՌԴ Գլխավոր շտաբում եղած ինչ-որ քարտեզների համաձայն:
  • Արցախի հարցն առանձին կետով է կարգավորվում: Ենթադրվում է դրա լուծումը թողնել ապագային՝ պահպանելով 2020թ. նոյեմբերի 10-ին ձեռք բերված ստատուս-քվոյի կարգավիճակը, և այն լուծել «ամուր խաղաղության» հաստատումից հետո:
  • Ադրբեջանի և Հայաստանի միջև այլ կոմունիկացիաների բացումը՝ արդեն առանց տվյալ տրանսպորտային կոմունիկացիաների երկայնքով եռակողմ ներկայության:

Բրյուսելի պլանը

Բրյուսելյան պլանում, ըստ տելեգրամյան ալիքի, գրեթե նույն իրավիճակն է, ինչ Խովաևի պլանի դեպքում:

Այս պլանի գլխավոր կետերն են՝

  • Երկու հանրապետությունների միջև բոլոր կոմունիկացիաների բացում: Բոլոր բացվող կոմունիկացիաները վերահսկվում են բացառապես Ադրբեջանի և Հայաստանի ուժերով, ըստ այն տարածքների, որտեղով անցնում են դրանք: Այսինքն՝ եռակողմ ներկայություն չի նախատեսվում, պարզապես ընդհանուր հիմունքներով կոմունիկացիաներ:
  • Երկու հանրապետությունների միջև սահմանագծման և սահմանազատման իրականացում, ի՞նչ հիմքով, հայտնի չէ:
  • Միմյանց տարածքային ամբողջականության ընդունում և տարածքային հավակնությունների բացառում:
  • Արցախի հարցն այս տարբերակում առհասարակ ընդգրկված չէ:

Կայքը հավելում է՝ կարևոր է նշել այն, որ խաղաղ պայմանագրի երկու տարբերակներն էլ ձեռք չեն տալիս ոչ Բաքվին, ոչ Երևանին:

1. Ալիևն Արցախի հարցը փակ է համարում, ավելին, նա համարում է, որ հաշվի առնելով իր 2020թ. ռազմական հաղթանակները, Երևանը պետք է կատարի Բաքվի բացարձակապես բոլոր պահանջները, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքի տրամադրումը: Նրա համար ձեռնտու չէ Մոսկվայի տարբերակը, քանի որ այդ տարբերակն Արցախի հարցը չի փակում, այլ նրան տալիս է կյանքի իրավունք:

Ալիևին ձեռք չի տալիս նաև Բրյուսելի տարբերակը, քանի որ այն չի ենթադրում որևէ տրանսպորտային տրամաբանություն: Կարճ ասած՝ Ալիևն ալֆա ռեժիմով ցանկանում է բավարարել իր բոլոր ցանկությունները և անգամ առանցքային հարցերում չի ցանկանում որևէ զիջման գնալ այլևս:

2. Փաշինյանը պատրաստ չէ Մոսկվայի տարբերակին, քանի որ այն ենթադրում է տրանսպորտային տրամաբանություն: Այդ միջանցքը Լաչինի միջանցքի համարժեքը չէ, բայց տրամաբանությունը մոտ է դրան: Դրանք միայն կոմունիկացիաներ չեն:

Եվրոպական տարբերակում Փաշինյանը Եվրոպայից երաշխիքներ չի տեսնում առ այն, որ Բաքվի պահանջների բավարարման դեպքում նա ապագայում չի փորձելու հարցերն իր օգտին լուծել ուժային ճանապարհով:

Ի հավելումն դրան՝ Փաշինյանը պնդում է 1991թ. քարտեզներով սահմանների ճանաչման և տարածքային ամբողջականության հարցը, առանց այլընտրանքային այլ քարտեզների փնտրտուքի, քանի որ Բաքուն անընդհատ առաջ է բերում ադրբեջանցի «գիտնականների» կողմից նկարված քարտեզներ ու նոր տարածքային պահանջներ է ներկայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել