168.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի հետ միասին, Աղավնո և Ներքին Սուս գյուղերն օգոստոսի 25-ից կհանձնվեն թշնամուն։ Օգոստոսի 5-ից սկսած բնակիչները սկսել են իրենց իրերը տեղափոխել Հայաստանի ու Արցախի այն վայրերը, որտեղ պատրաստվում են բնակվել:

168.am-ի հետ զրույցում Նեքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանն ասաց, որ Ներքին Սուսում այսօրվա դրությամբ մնացել է 4 ընտանիք, մնացածը դուրս են եկել՝ իրենց հետ տանելով իրերը։

«Նրանց Արցախի Կառավարության կողմից ասվել է, որ բնակարանների սերտիֆիկատները տալու են, բայց առաջնայինը՝ նրանց, ովքեր այնտեղ են ապրել, իսկ մյուսներին՝ մոտակա ժամանակներս։

Նախկինում Ներքին Սուսում բնակվում էր 48-49 ընտանիք, տարիներ առաջ ավելի շատ էին, հետո տարիների ընթացքում նվազեց բնակչության թիվը՝ գնացել ու եկել են»,- նշեց Ներքին Սուսի գյուղապետը։

Ըստ Մխիթար Ներսիսյանի, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մտածում էր, որ Սուսը մնացել է հայկական վերահսկողության տակ, բոլոր բնակիչները կվերադառնան, և գյուղը կապրի իր բնականոն կյանքով։

«Ինձ ասում էին, որ սահմանազատում ու սահմանագծում են անում, փաստորեն նման բան չկա՝ գյուղը պետք է հանձնենք։ Շատ եմ փորձել վերադառնալ ու ապրել Ներքին Սուսում, մշտապես գնացել ու եկել եմ, բայց շատ հնարավորություններ չկար։ Հետաքրքրվել ենք, թե ինչ և ինչպես ենք անելու, գիտեի, որ Ալիևի հետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կար, որ ընդհանուր Քաշաթաղը պետք է հանձնվեր։

Այսօրվա դրությամբ ժողովուրդն անտրամադիր է, երկրորդ անգամ տունը կորցնելու ցավ պատճառեցին բնակիչներին, ինչ ասեմ»,- նշեց Մխիթար Ներսիսյանը։

Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ երկու ընտանիք տեղափոխվել է Արցախ, 3-րդն էլ պատրաստվում է տեղափոխվել, կապ է հաստատել Արցախի Կառավարության հետ, որպեսզի այդ բնակչին ապահովեն տնով։

«Մյուս բնակիչները կտեղավորվեն Հայաստանի տարբեր հատվածներում»,- եզրափակեց Մխիթար Ներսիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել