Tert.am-ը գրում է.

Թայվանի իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության կործանարար գործողությունները և օտար քաղաքական ուժերի քողի տակ կղզին մայրցամաքային Չինաստանից մեկուսացնելու նրա փորձերը կարագացնեն Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ին Վենի կառավարման տապալումը և տարածաշրջանը խորը ճգնաժամի մեջ կգցեն:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Չինաստանի Պետխորհրդին կից Թայվանի գործերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանգը։

«Մենք նախազգուշացնում ենք Ցայ Ին Վենին և Դեմոկրատական առաջադիմական կուսակցությանը, որ նրանց սադրանքները՝ ապահովելու Թայվանի այսպես կոչված անկախությունն օտար ուժերի աջակցությամբ..., ի վերջո, կարագացնեն կղզու ներկայիս ղեկավարության փլուզումը, ինչպես նաև կգցեն տարածաշրջանը մեծ աղետի մեջ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

«Ո՛չ մի մարդ, ո՛չ մի քաղաքական ուժ չպետք է թերագնահատի այն վճռականությունը, որով Չինաստանը կպաշտպանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հավելել է Մա Սյաոգուանգը։

ՏԱՍՍ-ը հավելում է, որ Չինաստանի փոխարտգործնախարար Սի Ֆենը կանչել է ՉԺՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկոլաս Բերնսին և հայտարարել, որ Վաշինգտոնը պետք է վճարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին Թայվան այցելելու թույլտվության համար։

«Միացյալ Նահանգները պետք է վճարի իր սխալների համար: Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ վճռականորեն հակազդելու համար, և մենք կպահենք մեր խոստումը», - Սի Ֆենի խոսքերն է մեջբերում «Սինհուա» գործակալությունը։

Չինացի դիվանագետը նշել է, որ յուրաքանչյուրը, ով կփորձի շահարկել Թայվանի հարցը հանուն քաղաքական կապիտալի, ի վերջո ձախողվելու է և «գամվելու պատմության ամոթալի սյունին»։

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի օդանավը վայրէջք է կատարել Թայպեյի օդանավակայանում։ Չինաստանը հայտարարել է, որ Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել