Հունիսի 23-24-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, որտեղ նախատեսվում են նրա հանդիպումներն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությունը, դրա հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբջեանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ  հայտարարությունում:

Դրանում նշվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում և Կասպիական տարածաշրջանում: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բաքվի հետ առօրյա համատեղ աշխատանքը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։

«Երկու երկրների հարաբերություններում շրջադարձային իրադարձություն էր այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ան միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ամենաբարձր մակարդակով ստորագրումը։  Այս փաստաթուղթը նախատեսում է արտաքին քաղաքական համակարգման և ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդում, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ուժերի միավորում, տնտեսական համագործակցության ամրապնդում և հումանիտար ոլորտում երկխոսության ընդլայնում։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խթանումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի համաձայն։ Մենք դա տեսնում ենք որպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման, Բաքվի և Երևանի միջև վստահության և լիարժեք համագործակցության վերականգնման առանցքային պայման։

Ռուսական խաղաղապահ զորախումբը հուսալիորեն վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը և նպաստում իր պատասխանատվության գոտում անվտանգության պահպանմանը։ Խաղաղապահներն օգնում են փախստականների վերադարձին, խաղաղ կյանքի հաստատմանը, տարածքների ականազերծմանը, միջնորդում են ռազմագերիների և կալանավորների փոխանակմանը։

Ռուսական կողմի ջանքերի կարևորագույն ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ համատեղ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համանախագահում են փոխվարչապետերը, մենք աշխատում ենք կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթի համաձայնեցման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն հաստատել և խթանել տնտեսական կապերի վերսկսումը։

Մենք ողջունում ենք այս տարվա մայիսի 24-ի Ադրբեջան-Հայաստան պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին հանդիպումը։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել սահմանային միջադեպերի դադարեցմանը, միջպետական սահմանի սահմանազատման արդյունքում Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։ Ռուսաստանը կողմերի խնդրանքով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվական օգնություն։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։ Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի այս դժվարին, բայց չափազանց կարևոր գործընթացին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման։

Հումանիտար ոլորտում շփումները նպաստում են Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդմանը։ Ռուսական կողմը կշարունակի երկխոսությունը քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների միջոցով՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել