Մոսկվան տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև պայմանավորվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, թե Մոսկվան հուսով է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր խաղալ:

«Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացների մեջ մխրճվելու՝ ԵՄ համառ փորձերը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան նշել է՝  ՌԴ-ի նպատակը Կովկասում կայունության ու  բարգավաճման գոտու հաստատումն է, ինչի ճանապարհին խնդիրներից մեկը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումն է։

Նա նշել է, որ Մոսկվան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ու Ադրբեջանին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանազատման, հասարակական երկխոսության հաստատման ու խաղաղ պայմանագրի մշակման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել