Shamshyan.com-ը գրում է.

Երևանում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող տարածքից գողություն է կատարվելու։  Ոստիկանները հասնում են այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։ Ոստիկանները հրահանգում են, որպեսզի այդ, ինչպես նաև մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմում են փախուստի։

Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդում են մոտ 4 կմ, ու արդեն պարեկ Ռ. Ալոյանը, ով նաև վարում էր ծառայողական ավտոմեքենան, նախազգուշական կրակոցներ է արձակում օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ է արձակում Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը և բախվում բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվում «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։ Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմում են փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվում է նրանցից մի քանիսին հետապնդել և վնասազերծել, ովքեր էլ բերման են ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Մյուս փախուստի դիմած ավտոմեքենան նույնպես հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել