Ընդդիմադիր խմբակցությունների մի խումբ պատգամավորներ մտել են ԱԳ նախարարության շենք: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ուղիղ եթերում հայտնեց, որ բարձրանում են ԱԳՆ աշխատակիցներին և փոխանխարարներին տեղեկացնեն իրենց ուղերձը և փոխանցեն, որ իրենք մանդատ չունեն երկիրը նոր զիջումների տանելու։
Նրանց ընդունեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Պատգամավորեր Թադևոս Ավետիսյանն առաջարկեց նրան կրել Արցախի դրոշով պիտակը, ինչին ի պատասխան Սաֆարյանը ասաց, որ Արցախի դրոշը կրելու ոչ մի խնդիր չունի և այն փակցրեց իր հագուստի վրա։ Պատգամավորները հարց ուղղեցին նախարարի տեղակալին, թե կա՞ ԱԳՆ-ում մի աշխատակից, ով կարող է հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Դուք այս ճգնաժամը մեկ նախադասությամբ կարող եք հաղթահարել, պետք է միայն ասեք այդ պարզ նախադասությունը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
«Դուք լսել եք ԱԳՆ հայտարարությունները, ես լսեցի ձեր մեսիջները և կարծիքները»,- արձագանքեց Մնացական Սաֆարյանը։
ԱԺ պատգամավորները դուրս եկան Սաֆարյանի աշխատասենյակից և հայտարարեցին, որ նախարարի տեղակալը այդպես էլ չարտասանեց Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում արտահայտությունը։