Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, ձերբակալված է։ Արցախի դատախազությունը հայտնեց, որ նա կրակել է ավտոմեքենայի վրա, որում եղել են մի խումբ երիտասարդներ։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչ կրակոցները վեճ է եղել գեներալի եւ երիտասարդների միջեւ: Օգանովսկին մեքենան փորձել է կայանել «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ի շենքի դիմաց, որի ղեկավարն է ինքը, եւ խնդրել է, որ երիտասարդներն իրենց մեքենան մի կողմ քաշեն, քանի որ մուտքը փակել են:

Վիճաբանություն է սկսվել, եւ Կարապետյանը կրակել է, գնդակները դիպել են ասֆալտին ու մեքենայի դռանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք): Դատախազությունից հայտնել էին, որ ձերբակալվել է Արցախի քաղաքացի Ս. Կ.-ն, սակայն Օգանովսկու ձերբակալության մասին լուրը տեւական ժամանակ չէին հաստատում, մասնավոր զրույցներում էլ ասում էին, թե առաջիկա ժամերին կարող է իրավիճակը փոխվել։ Արցախում բոլորը գիտեն, որ Օգանովսկին մեծ դեր է խաղացել Արայիկ Հարությունյանի ընտրության ժամանակ, մտերիմ է Արցախի նախկին նախագահների հետ։

Բացի այդ՝ արցախյան պատերազմի հերոս է, եւ նրան ձերբակալելը, մանավանդ, որ տուժածներ չկան, հերթական սկանդալի պատճառ կդառնա ու կմեկնաբանվի, թե քաղաքական հետապնդումներ են սկսվել Արցախի հերոսների նկատմամբ։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ այս դեպքում Հայաստանից ճնշումներ են գործադրվում Արցախի իրավապահների եւ իշխանության նկատմամբ, եւ ձերբակալությունը պայմանավորված է դրանով։ Օգանովսկին վերջին շրջանում Սերժ Սարգսյանի հետ մի քանի անգամ հրապարակ է եկել, ջահերով երթին էր մասնակցում, ապա Ֆրանսիայի հրապարակում են նրան տեսել։ Եթե հրազենով մարդկանց վնասած անձինք՝ Մելիքսեթ Պողոսյանի որդին եւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, հղի կնոջը վրաերթով սպանած ոստիկանը կարող են ազատության մեջ գտնվել, ապա ավտոմեքենայի դուռը վնասած գեներալին ձերբակալելը դժվար է քաղաքական հետապնդում չանվանելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել