Shamshyan.com-ը գրում է․

Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Թափեր» կոչվող վայրում՝ անասնագոմի տարածքում, դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպ Ստեփանյանի գլխավորությամբ։  Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բոշյանի գլխավորությամբ։  Ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց, գետին ընկած վիճակում հայտնաբերել են մասամբ հոշոտված կնոջ դի։  Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 63-ամյա Գայանե Եղոյանն էր։

  Տեղում Ռ. Սահակյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ իր շունը խեղդել է Գ. Եղոյանին, ով աշխատում էր անասնագոմում։  Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։  Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, շանն էլ մեծ դժվարությամբ կարողացել են վնասազերծել և տեղավորել վանդակում։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել