Lurer.com-ը գրում է․

Չարենցավանի բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհից հետո տանը գտնված երեխան ու մայրը տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այստեղից փոխանցեցին, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ «Կինը հոգեկան խնդիրներ ունի և հաշվառված է մեզ մոտ։ Մոր և երեխայի մոտ դեպքի հետ կապված առողջական խնդիրներ չեն առաջացել, վնասվածքներ, այրվածքներ չունեն։ Ոստիկանության աշխատակիցները նրանց տեղափոխել են համապատասխան վայր»,- նշեցին հիվանդանոցից։ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնեցին, որ երեխան 5 տարեկան է, մայրը՝ 36, սակայն տեղյակ չեն, թե այս պահին որտեղ են գտնվում նրանք․ «Դեպքի պահին նրանց տարհանել են բնակարանից»,- ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը։ 

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ: Հարևանները ևս նշել են, որ տան գրեթե բոլոր բնակիչները հոգեկան խնդիրներ են ունեցել։ 

Հրշեջները մարել են նշված շենքի 4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդեհը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել