ArmLur.am-ը գրում է.

Շուրջ 2 տարի է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռեւս չի գտել հոկտեմբերի 27-ի գործը քննած, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին, որը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց ո՛չ կաշառքի չափը, ո՛չ էլ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, թե ով է եղել այն անձը, որը կաշառքի մասով դատավոր Սամվել Ուզունյանի դեմ իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել:

ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ վերջինիս դեմ հանցագործության մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանը: Փոս փորողն ինքն ընկավ փոսը: Բանն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունը դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին:

Նախաքննական մարմինը պարզել է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է մեկ քաղաքացիական գործ: Սմբատ Հարությունյանը, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի դրդմամբ, իր օգտին դատական ակտ կայացնելու համար առանձնապես խոշոր չափի՝ 6.110.910 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլար, կաշառք է տվել իրավասու պաշտոնատար անձանց, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Սամվել Ուզունյանն այդ գումարը մտադիր չի եղել փոխանցել որեւէ պաշտոնատար անձի եւ խարդախությամբ հափշտակել է այն:

Արդյունքում Ոուզունյանին այդպես էլ չեն գտել, սակայն նրան կաշառք տված անձի մասով դատարանը որոշում է կայացրել:

Իսկ ինչպես Ուզունյանը լքեց Հայաստանը:

Մեղադրյալի կարգավիճակում երկիրը լքելու օրը Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ էր հայտնաբերվել, բայց, այնուամենայնիվ, նրան հաջողվել է հեռանալ Հայաստանից։

Ոստիկանությունից չեն մանրամասնում, թե ինչպես է նախկին դատավորը լքել երկիրը, շեշտում են՝ նշված դեպքով քննություն է կատարվում։

Մեր տեղեկություններով Ուզունյանի անհետանալու մեղքն իշխանությունը բարդում է ոստիկանության վրա, որը պետք է վերահսկեր նրա քայլերը՝ օպերատիվ աշխատանք կատարեր, սակայն «իր պարտականություններում թերացել է»։

Դեռ որոշ ժամանակ առաջ նախկին դատավորի քրեական գործի եւ այլ մանրամասների վերաբերյալ դատախազությունը գրավոր դիմում է ներկայացրել գործի վարույթն իրականացնող մարմնին, այս դեպքում՝ Հատուկ քննչական ծառայությանը, եւ օպերատիվ մարմնին՝ ոստիկանությանը։ Ապա միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, քանի որ նախկին դատավորն էլ անձեռնմխելի է համարվում, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում կարելի է իրականացնել միայն ԲԴԽ թույլտվությամբ։ ԲԴԽ-ն դատախազության միջնորդությունը բավարարել է դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ որոշումն ուղարկվել է ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Միջնորդությունների ներկայացման եւ քննարկման միջեւ ընկած ժամանակահատվածում էլ Ուզունյանն անցել է ՀՀ պետական սահմանը, եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացվել:

Փաստ է մեկ բան՝ առեղծվածային պայմաններում Ուզունյանը լքեց երկիրը, իրավապահները մեկը մյուսի վրա են գցում կատարվածը, ուստի այս իրավիճակում կարող ենք ենթադրել, որ միգուցե իշխանությանը կամ իրավապահ համակարգին էր պետք, որ նա լքեր Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել