168.am-ը գրում է․

Համացանցում տարածվել էին լուրեր, համաձայն որոնց՝ հնարավոր է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր փաստաթուղթ ստորագրվի: Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, իսկ երկրորդը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես՝ ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատմանը:

Սակայն ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հետևյալ մեկնաբանությունը.

«Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո:

Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել:

Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև՝ Եվրամիությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են…»:

Հոկտեմբերի 21-ին Վալդայի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ սահմանազատման մասին խոսել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով․ «Անհնար է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակն առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում»։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի փոխանցմամբ՝ վերջին շրջանում ադրբեջանական սոցիալական մեդիաներում հայատյացության նոր ալիք է բարձրացել, այնպես որ՝ եթե անգամ նոր պայմանագիր կնքվի, դա բոլորովին չի խոսում այն մասին, որ կխուսափենք նոր պատերազմից:

«Ու եթե ադրբեջանական ձևով ներկայացված լինի այն փաստաթուղթը, որի մասին խոսում են, ապա Հայաստանի համար դա կատաստրոֆա կլինի: Ի դեպ, Հայաստանում ոգևորված շրջանառության մեջ են դնում 1920-ական թթ. քարտեզը, բայց ուշադրություն չեն դարձնում, որ ոչ միայն ձեռքբերումներ կունենանք, այլև կորուստներ՝ Նախիջևանի, Վայոց ձորի, Զանգեզուրի ուղղությամբ տարածքային կորուստներ կարող են լինել: Բայց այդ քարտեզը հաշվի չի առնվելու, որովհետև Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, այդ թվում՝ նաև սահմաններից, ուրեմն ստացվում է, որ Նախիջևանն ու Արցախն Ադրբեջանի կազմում էին միայն խորհրդային ժամանակահատվածում, որից ինքը հրաժարվեց»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետը:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», Գրիգորի Այվազյանը նկատեց.

«Վերջերս այցելելով իրենց կողմից օկուպացված տարածքներ՝ Ալիևն ասում էր, որ փաստացիորեն, ըստ իրենց վերջին տեղեկությունների՝ իրենց ուզած ձևով է լուծվելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և ուղղակիորեն ասաց, որ ինչ-որ բան է նախատեսվում: Հիշենք, որ ՌԴ նախագահն էլ առաջարկել է իրենց մոտ եղած քարտեզները, բայց պետք է հասկանանք, որ խոսքը ոչ թե 1920-ական թվականների քարտեզների, այլ ԽՍՀՄ վերջին ԳՇ քարտեզների մասին է, որոնք հասանելի են, ու ամեն մարդ կարող է փնտրել ու տեսնել:

Ըստ տարբեր ազդանշանների՝ խոսակցություն կա, որ որոշ չափով հարցը պետք է լուծում ստանա, սակայն, երբ հետևում ես ադրբեջանական վերլուծություններին, Միլի մեջլիսի պատգամավորների արտահայտություններին՝ չեն թաքցնում, որ պատկերացնում են այդ խաղաղության պայմանագրի կնքումն ըստ իրենց նախօրոք հնչեցրած պահանջների, որն է՝ առնվազն «Զանգեզուրի միջանցքի» բացումը, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը:

Այսինքն, Հայաստանից իրենք պահանջում են նաև տավուշյան անկլավները, Տիգրանաշենը և Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը: Սակայն բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի պահանջած ձևով չի կարելի կնքել ոչ մի պայմանագիր: Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, խաղաղության պայմանագիր, ու նախքան խաղաղության պայմանագիրը որոշ չափով պետք է կողմնորոշվենք առնվազն Արցախի հարցում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել