168.am-ը գրում է․

«Մեկ եղբայր, երկու քույր ունեմ, բայց միայն ես որդի ունեի, Ռուբենս մեր ցեղի միակ տղան էր․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան վերջին պատերազմում զոհված Ռուբեն Հայրապետյանի հայրը՝ Վաչագան Հայրապետյանը։

Ռուբենը ծնվել էր 1996 թվականի հունիսի 5-ին՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում։ Հոր բնորոշմամբ՝ որդին դեռ մանկուց շատ նպատակասլաց էր, 12 տարեկանում հասցրել էր կարատեի գոտի նվաճել, զուգահեռ զբաղվում էր լողով և ուներ որոշակի հաջողություններ: Դպրոցում էլ լավ էր սովորում, ավարտելուց հետո ընդունվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, գերազանցությամբ ավարտելուց հետո մեկնել էր Զինված ուժերում ծառայության։

«Ծառայության առաջին 6 ամիսը եղել է Լուսակերտի հետախուզական զորամասում, այնուհետև կրտսեր-սերժանտ կոչումով տեղափոխվեց Սիսիանի զորամաս։ Չէր սիրում զորամասում մնալ, անընդհատ կռիվ էր անում, որ դիրքեր բարձրանար, նախատեսված էր, որ 2 ամիսը մեկ բարձրանային դիրքեր, բայց ինքը 15 օրից ավելի չէր մնում զորամասում, պայմանագրայինների հետ նորից դիրքեր էր բարձրանում, ինքը հրետանու լավ հետախույզ էր։ Այնպիսի կոորդինատներ էր տալիս, որ ուղիղ նշանակետին էին խփում։ Ասում էր՝ պապ, եթե առաջինը չկպցնեմ, երկրորդը ցանկացած կետի խփում եմ․․․»,- պատմեց Ռուբենի Հայրը։

2019 թվականին, երբ որդին նոր էր զորացրվել, իր մասնագիտությամբ աշխատանքի էր անցել շինարարական կազմակերպություններից մեկում, կարճ ժամանակ անց այնտեղ ևս մեծ հաջողությունների էր հասել, պատմեց Ռուբենի հայրը.

«160.000 դրամով ընդունվեց աշխատանքի, 6 ամիս հետո տնօրենը կանչել, ասել էր՝ Ռուբեն, հանկարծ մտքովդ չանցնի ուրիշ տեղ գնալ, ես քո աշխատավարձը ոչ թե կրկնապատկում, այլ եռապատկում եմ, մենակ թե մնաս, ինձ մոտ աշխատես․․․»։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ լսել է պատերազմ սկսվելու մասին լուրը, Ռուբենն առանց ծնողներին մի խոսք ասելու՝ շտապել էր զինկոմիսարիատ և կամավորագրվել: Բայց ծնողներին ասել էր միայն օրեր անց, երբ կամավորական ջոկատն արդեն համալրվել էր և պետք է մեկնեին առաջնագիծ։

«Մի օր եկավ, բա՝ ինձ կանչել են, ես գնում եմ․ իրեն իր մասնագիտությամբ՝ որպես հետախույզ, չեն տարել, այնքան, որ գնար․․․ Հոկտեմբերի 8-ին Աբովյանում ջոկատ ձևավորվեց, 2-3 օր Արմավիրում են եղել, նախապատրաստական վարժանքներ են անցել, հոկտեմբերի 12-ին տեղափոխեցին Հադրութ՝ Թութակի սար, պետք է դիրքերը պահեին, որ թշնամին չշարժվեր Շուշի․․․ Սարերի վրա էին դիրքավորվել, մոտ 260 մարդ, բայց 1 օր հետո ինչ-ինչ պատճառներով մի մասը փախել են, նահանջ է եղել, թե ինչ է եղել, չգիտեմ, բայց 12 հոգով, այդ թվում՝ Ռուբենս, հրաժարվում են իջնել, մնում են դիրքերում։ Իրենցից կես կիլոմետր այն կողմ Սև հովազի ջոկատն է եղել, միացել են նրանց, բայց որ Հովազին խփում են, նրա ջոկատի տղաներն էլ են ստանում նահանջի հրաման, բայց տղայիս հետ գնացած 12 հոգանոց ջոկատը կրկին հրաժարվում են իջնել։ Այդ հատվածում Արցախի ոստիկանական ջոկատներ էլ են եղել դիրքավորված, մտել են այդ խմբերի մեջ, բայց 1 օր հետո ոստիկանական ջոկատն էլ է դիրքերը թողել»,- պատմեց զոհվածի հայրը։

Նա հիշեց որդու հետ վերջին հեռախոսազրույցը՝ հոկտեմբերի 15-ին: Ռուբենը, ինչպես միշտ, վստահեցրել էր, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է․

«Այդ օրը տրամադրությունն էլի շատ լավ էր, շատ լավ տրամադրված, այնպես էր խոսում՝ կարծես կռվի դաշտում չլիներ, ոչ կռիվ կար, ոչ մի բան․․․ Այդ առավոտյան են ոստիկանության խմբերը թողել դիրքերը, բայց տղայիս 12 հոգանոց ջոկատն էլի մնացել են դիրքերում, չեն իջել։ Ստեփանակերտում, որ ոստիկանների հետ խոսում էի, ասում էին՝ էդ հայրենասեր ջոկատը, որ ոչ մի անգամ չուզեց իջնել դիրքերից․․․»։

Դրանից հետո Ռուբենի հետ կապ հաստատել այլևս չի հաջողվել: Վաչագանը սկսել է ամեն տեղ փնտրել որդուն, և այդպես՝ շուրջ 3 ամիս, մինչև որ զանգահարել և հայտնել են, որ որոնողական աշխատանքների արդյունքում գտել են որդու մարմինը․

«Հունվարի 2-ին խաբարն եկավ, բա՝ գտել ենք, դե մարմինը չկար, ոսկորներն էր ու իր հագուստը։ Որ այստեղից գնաց, իր զինվորական շորերով գնաց, բանակից որ 1 տարի առաջ զորացրվել էր, համազգեստը պահել էր, հենց դրանով էլ գնաց.․․ Գրպանում իր զինվորական գրքույկն էր, նաև հագի ժիլետով ճանաչեցինք․․․

Մենք իրենց ման գալուց մտածում էինք, որ պետք է շարժվեին կամ անտառ, կամ բարձրանային դեպի Շուշի, բայց իրենց աճյունները երբ գտանք, հասկացանք, որ իրենց շարժը եղել է դեպի թշնամու թիկունք՝ Հադրութի ուղղությամբ, այնտեղ հանդիպել են ադրբեջանական հատուկջոկատայինների խմբի, որոնց հետ արդեն կռվի մեջ են մտել ու զոհվել, 12-ն էլ զոհվել են, 2-ի մարմինը քիչ հեռու էին, 10-ի մարմինները՝ մի տեղ․․․»։

Հայրն ասում է, որ որդին շատ նպատակներ չուներ, չնայած երիտասարդ տարիքին, գրեթե ամեն ինչի հասել էր, իսկ երազանք ավելի շատ իրենք ունեին, ուզում էին, որ Ռուբենն ամուսնանար․․․

Վաչագան Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Պաշտպանության նախարարությունն առաջարկել է որդուն հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն իրենք չեն համաձայնել․

«Ռուբենիս հուղարկավորել ենք հունվարի 5-ին Բյուրեղավանի մեր ընտանեկան գերեզմանատանը՝ տատիկ-պապիկի կողքին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել