87 տարեկանում կյանքից հեռացել է արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը։

Արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը 37 տարի եղել է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի տնօրենը։ Նա մահացել է այսօր՝ Երևանում, 87 տարեկանում։

Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։

1946թ. տեղափոխվել է Հայաստան և շարունակել ուսումը Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոցում: Սովորել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում, զբաղվել է լողով, 14 տարի զբաղվել է մարզչական գործունեությամբ:

Վաղ հասակից երգել է եկեղեցական երգչախմբում, հետաքրքրվել է նկարչությամբ:

1959թ. աշխատանքի է ընդունվել Հայաստանի պետական պատկերասրահ, որտեղից մեկնել է սովորելու Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական բաժնում` ստանալով արվեստաբանի դիպլոմ:

1967թ., նկարիչ Մարտիրոս Սարյանի առաջարկությամբ, նշանակվել է նրա նորաստեղծ թանգարանի տնօրեն, որտեղ աշխատել է մինչ 2005թ.: 1990-2003թթ միաժամանակ ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը:

Երկու աշխատանքներից էլ հեռացվել է ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի հրամանով:

Իր թանգարանային գործունեությանը բնորոշ են հայ նկարիչների մասին լույս ընծայած բազմաթիվ հոդվածներ, հեռուստատեսային ելույթներ և տասնյակ ցուցահանդեսների կազմակերպում խորհրդային երկրների և արտասահմանյան մի շարք քաղաքներում:

Հեղինակել է բազմաթիվ գրքեր` «19-20-րդ դարերի հայկական արվեստ», «Ֆրանսահայ կերպարվեստ», «Հովհաննես Այվազովսկի», «Սարյան», «Պետրոս Կոնտրաջյան», «Մինաս», «Հակոբ Հակոբյան» և այլն, որոնց մի մասը հրատարակվել է նաև արտասահմանում` անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուներով: Արվեստագետի ակտիվ գործունեության մաս է կազմում տարբեր երկրներից նվիրատվամբ հավաքելու Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Վարդան Մախոխյանի, Ժան Գառզուի, Ժանսեմի ու այլ վարպետների հարյուրավոր գործեր, որոնցով հարստացել են Հայաստանի թանգարանները: Լույս է ընծայել երիտասարդ սերնդին նվիրված «Ճանաչիր և սիրիր» անվանումով պատկերագրքերի շարք: 2004թ-ից աշխատել է Էջմիածնի Մայր տաճարում` որպես մշակութային խորհրդական և «Խրիմյան» թանգարանի տնօրեն:

1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1996թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել