Lurer.com-ը գրում է.

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է հոկտեմբերի 20-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը։

Rusarminfo-ի եթերում Գրիգորյանը նշել է, որ փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խումբը փորձում է ճշտել, թե ինչպես պետք է տարածաշրջանում ապաշրջափակել հաղորդակցությունները։

«Հույս ունենք, որ հնարավորություն կա հնարավորինս արագ ապաշրջափակել ենթակառուցվածքները, այսինքն՝ բացել առկա բոլոր ճանապարհները»,- ասել Գրիգորյանը` հավելելով, որ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հնարավորություն կա շարունակել սկսված քննարկումները։

«2021 թվականի հունվարից քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Ապաշրջափակման տրամաբանության մեջ ինչ-որ որոշակիություն կա, և մենք կարծում ենք, որ կա այս ճանապարհով առաջ գնալու հնարավորություն»,- ասել է Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ խոսքը բոլոր առկա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է։

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու շուրջ բանակցություններ չեն ընթացել և չեն ընթանում։ Նա հավելել է, որ եթե շարժվենք Բաքվի տրամաբանությամբ, ապա նույն միջանցքը, որը ցանկանում է Ադրբեջանը, պետք է ստանա Հայաստանը ասիական երկրների հետ հաղորդակցվելու համար։

Խոսելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման մասին՝ Գրիգորյանը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է հայելային սկզբունքով զորքերը դուրս բերել, ապա անցնել սահմանազատման ու սահմանագծման։ Նրա խոսքով` սահմանազատման գործընթացը դեռ չի սկսվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել