«Հոկտեմբերի 14-ից, երբ քաղաքացիները, ԱՆ նախարարի հրամանով, ստիպված էին կա՛մ պատվաստվել, կա՛մ բացասական թեստի պատասխան ներկայացնել, լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսի թեստավորումներ, քաղաքացիների մեծ կուտակումներ ու հերթեր են։ Պատվաստումից խուսափող քաղաքացիները, ըստ նախարարի հրամանի, ստիպված են բացասական թեստի պատասխան ներկայացնել գործատուին, որպեսզի հետագայում չզրկվեն աշխատանքից։

Մեր աղբյուրները հայտնում են, որ, պարտադիր թեստավորման պահանջով պայմանավորված, երկրում սկսում է նկատվել թեստերի դեֆիցիտ, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել թեստերի գնաճի։ Ինչպես հայտնի է, տեղական արտադրությունը ունակ չէ մեծ քանակությամբ թեստեր մատակարարել, թեստերը ներկրվում են արտերկրից, սակայն թեստեր ներկրողները մի բան հաշվի չեն առել, որ նախարարի հրամանով պարտադիր թեստավորման պահանջը ուժի մեջ մտնելուց հետո հսկայական հերթեր են գոյանալու լաբորատորիաներում թեստավորման համար։

Թեստեր ներկրողնեից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր արդեն երկրում կա կորոնավիրուսի թեստերի պակասորդ, և բացառված չէ, որ թեստերի գները նորից բարձրանան՝ հասնելով մինչև 20.000 դրամի։ Քայլեր կձեռնարկի սրա դեմ կառավարությունը, թե ոչ, դժվար է ասել, չնայած որ կառավարությունը համավարակի դեմ պայքարը տեսնում է միայն կոլեկտիվ պատվաստան միջոցով։

Ի դեպ, լաբորատորիաներում թեստերի համար հերթերն էլ լի են կորոնավիրուսով վարակման վտանգով, քանի որ քաղաքացիների հերթերի ու կուտակումների հետևանքով խախտվում են հակահամաճարակային կանոնները, ու թեստավորման լաբորատորիաները փաստացի դառնում են կորոնավիրուսի տարածման օջախներ։

Թերևս Հայաստանում ավելի քան 600,000 քաղաքացի արդեն իսկ նման խնդիրներից խուսափելու ու համավարակի դեմ պայքարելու նպատակով պատվաստվել է՝ ազատվելով նաև ամսական մի քանի անգամ թեստերի վրա գումար ծախսելու խնդրից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել