Hraparak.am-ը գրում է.

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ, հիմնականում՝ իշխանական ՔՊ խմբակցությունից, հակառակ ԱԺ աշխատակազմի որոշման, շարունակում են երթևեկել դեռ նախորդ գումարման խորհրդարանից իրենց մնացած պատգամավորական պետհամարանիշներով։ Մինչդեռ նոր խորհրդարանի աշխատակազմը որոշել էր, որ այլևս նրանց այդպիսի պետհամարանիշներ չեն տրամադրվելու, և խնդրել էր պատգամավորներին՝ հետ վերադարձնել համարները։ Մի մասը վերադարձրել էին, մի մասը՝ ոչ։

Մինչ օրս ԱԺ համարանիշներն իրենց մեքենաների վրա փակցրած և դրանք հետ չվերադարձրած պատգամավորներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի աներորդին է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Նրան պատկանող 055 HH 11 պատգամավորական պետհամարանիշով բալագույն Honda CR-V-ն մենք նկատեցինք ԱԺ տնտեսական մուտքի մոտ կայանած։

Ընդ որում, այս մեքենան արդեն տևական ժամանակ է՝ այդտեղ կայանած է, Հակոբյանը կարծես թե չի շահագործում կամ հազվադեպ է շահագործում այս մեքենան։

Հիշեցնենք, նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո, երբ հանրությունը ատելությամբ ու զայրույթով էր լցված Փաշինյանի ու նրա թիմակիցների նկատմամբ, իմքայլական որոշ պատգամավորներ, այդ թվում՝ Հրաչյա Հակոբյանը, փոխեցին իրենց մեքենաների համարները՝ հույսով, որ այդպիսով կքողարկվեն հանրությունից և անճանաչելի կդառնան։

Փաշինյանի աներորդին ևս իր Honda-ի վրա ռուսական պետհամարանիշ էր փակցրել, որը որոշ ժամանակ անց նորից փոխարինեց պատգամավորական համարներով։ Մինչ օրս, սակայն, Հրաչյա Հակոբյանն այդ համարանիշները, հակառակ աշխատակազմի հորդորներին, չի հանձնել։ Բայց նա միակը չէ այդ հարցում, կան նաև նախկին պատգամավորներ, որոնք չեն վերադարձրել ԱԺ-ի տրամադրած համարները, որոնց մասին առավել մանրամասն կարող եք կարդալ վաղը՝ «Հրապարակի» հերթական համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել