Pastinfo.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի մոտ տեղակայված ադրբեջանցիներն իրենց դիրքում տեղադրել են Ադրբեջանի դրոշը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Վարչական ղեկավարը նշեց, որ ամեն ինչ սկսվել է երկու օր առաջ, երբ հայկական դիրքում հայ զինծառայողները տեղադրել են հայոց եռագույնը։ Նույն օրը՝ երկու ժամ անց, ադրբեջանցիները իրենց դրոշն են բարձրացրել Գեղարունիքի տարածքում։

Երանոսյանը հայտնեց, որ այն օրվանից, ինչ ադրբեջանական զինուժը տեղակայվել է Վերին Շորժայի սահմանին, ադրբեջանական դրոշ չէր ծածանվել, սակայն ամեն ինչ փոխվեց սեպտեմբերի 25-ին։

«Դե մենք չունեինք դրոշ դրած։ Մերոնք եռագույնը դրեցին, երկու ժամ հետո ադրբեջանցիները իրենց դրոշը դրեցին։ Իրենք էլ չունեին դրած։

Իրենց դիրքում նստած էին, դիրքի դեմը բերեցին, դրեցին։ Հիմա էլ իրենք վրանում նստած են, դիմացը դրոշն է»։

Երանոսյանը նշեց, որ բացի վրանից, ադրբեջանցիները նաև քարե շինություն ունեն կառուցած, ինժեներական աշխատանքներ վաղուց էին իրականացնում։

«Սարքել են քարե շինություն։ Ամեն ինչ էլ ունեն՝ վրան էլ, դոմիկ էլ, լավ էլ ձմռվա են պատրաստվում։ Էս քանի օրա ցախ են բերում անընդհատ։ Նայում ենք ՝ ավտներով ձմեռվա պաշար են բերում»։

Երանսոյսնաը նշեց, որ գյուղում աշնանացան է իրականացվում, գյուղացիները առանց խոչընդոտի աշխատանքների մեծ մասը իրականացրել են․ «Օրինակ ես, պետք է ցանեի 200 հա, ցանել եմ 100 հա»,- ասաց վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանը խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել եւ մինչ օրս հետ չեն գնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել