Armeniasputnik.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` առաջիկա եռակողմ հանդիպման մասին հայտարարությունը 

«Չենք բացառում, բայց այս պահին հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորված ամսաթիվ չկա»,– Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասացին փոխվարչապետի գրասենյակից։

Այսօր Ալիևը թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերին։
Հիշեցնենք` օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:
Հենց Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ կապն ադրբեջանական կողմի հետ դադարեցվել է այն բանից հետո, երբ մայիսի 27-ի առավոտյան 6 հայ զինվորականներ գերեվարվել են սեփական երկրի տարածքում։
Հավելենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին գրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվեց 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում: Բանակցությունների նպատակով ստեղծվեց երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ։ Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է Մհեր Գրիգորյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել