Lurer.com-ը գրում է.

ՀՀ նախկին երեք նախագահներից ոչ ոք չի մասնակցել սեպտեմբերի 21-ին կայացած Անկախության միջոցառմանը։

ԼՈՒՐԵՐ.com-ին հաջողվեց  կապ հաստատել միայն ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակի՝ Արման Մուսինյանի հետ, որն ասաց՝ նախագահը ՀՀ կառավարության կողմից ստացել էր միջոցառմանը մասնակցելու հրավեր, սակայն չի մասնակցել.

«Օրեր առաջ ՀՀ կառավարության կողմից ստացել ենք սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառմանը մասնակցելու հրավեր, սակայն նախագահը չի մասնակցել այդ միջոցառմանը»,- ասաց խոսնակը:

Միջոցառմանը ներկա չէր նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մեզ հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն ասաց, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրված է եղել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, սակայն չի մասնակցել. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված տոնական համերգին մասնակցության հրավերներ։ Նպատակահարմար է գտնվել, որ հիշյալ տոնական համերգին ներկա գտնվեն Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և Ասողիկ աբեղա Կարապետյանը»:

Պետական ապառատից ներկա չէին նաև քաղաքապետ Հայկ Մարությանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք Հայկ Մարությանը ՀՀ կառավարության կողմից ստացել է Անկախության միջոցառմանը մասնակցելու հրավեր, Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ, բայց կարծում եմ՝ այո՛, հրավեր եղել է»,- ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը:

Քաղաքապետի՝ միջոցառմանը ներկա չլինելը խոսնակը բացատրեց այսպես. «Հայկ Մարությանը իր էջում հայտնել էր, որ ընտանիքի հետ լինելու է Արցախում»,- ընդգծեց նա:

Իսկ ՄԻՊ-ից այդպես էլ չհաջողվեց որևէ մեկնաբանություն ստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել