168.am-ը գրում է.

Հակառակ պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների բողոքի բազմաթիվ միջոցառումների՝ սգացող երկրում փաշինյանական ձևակերպմամբ՝ «գունագեղ» միջոցառումն իրականություն դարձավ:

Այս շոուն, ինչպես և սպասելի էր, իշխանական ու իշխանամերձ շրջանակները շտապեցին որակել զուսպ և ճաշակով՝ այդպես էլ չանդրադառնալով միջոցառման «անզուսպ» ծախսերին: Նկատենք՝ մինչև օրս ո՛չ կառավարությունը, ո՛չ կազմակերպիչ ընկերությունը չեն հրապարակել նաև միջոցառման կոնկրետ ֆինանսավորման աղբյուրները: Բայց ծախսերի ու աղբյուրների մասին տեղեկություններ, լրատվամիջոցներում, այդուհանդերձ, հայտնվեցին՝ մասնավորապես, որ բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ, և, որ «գունագեղ տոնակատարության» լուսային շոուի դրոնների 10 րոպեի վարձակալությունն արժե 110․000 ԱՄՆ դոլար: 

Նկատենք՝ դեռ օրեր առաջ մեր ճշգրտող հարցերին ի պատասխան՝ «Դոմինո փրոդաքշն» կազմակերպության ղեկավար Աշոտ Առաքելյանը հորդորել էր հարցերն ուղարկել «մեյլով»:

Սեպտեմբերի 15-ին 168.am-ը Աշոտ Առաքելյանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր՝ որքա՞ն գումար է կառավարությունը հատկացրել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջացառման համար, հաստատո՞ւմ են տեղեկությունները, թե պետական բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ, ինչպե՞ս կմեկնաբանի այն պնդումները, թե մտերիմ հարաբերությունների ունի ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, արդյո՞ք «Դոմինո փրոդա՞քշն»-ն է նկարահանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական հոլովակները, և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քարոզչական տեսահոլովակը, արդյո՞ք իր ղեկավարած ընկերությունը սեփական նախաձեռնությամբ է իրականացնում ՀՀ հիմնի նոր տեսահոլովակի նկարահանումները, և, թե ինչ արձագանքներ ունի այն հավաստիացումներին, թե նոր տեսահոլովակից հանվում են Արցախի կադրերը:

Պատասխանները չստացանք:

Այսօր որոշեցինք «Դոմինո փրոդաքշն» կազմակերպության ղեկավարից ևս մեկ անգամ հետաքրքրվել, թե ի՞նչ ծախսեր են արվել «գունագեղ» շոուի համար: Մեր հարցերը, սակայն, նյարդայնացրին Աշոտ Առաքելյանին, և նա խնդրեց այլևս չզանգահարել իր հեռախոսահամարին:

Նա սուտ որակեց տեղեկությունները, թե դրոնների վարձակալության 10 րոպեն արժեցել է 110.000 ԱՄՆ դոլար, բայց նաև չներկայացրեց իրական թիվը: Առհասարակ միջոցառման ծախսերի մասին մեր հարցերը ևս մնացին անպատասխան.

– Ինչքա՞ն է ծախսվել. արդեն միջոցառումն ավարտվել է, դուք ունե՞ք հաշվարկներ:

– Մենք ունենք հաշվարկներ, ձեզ էլ չենք տրամադրում:

– Կառավարությունը մասնակցե՞լ է միջոցառման կազմակերպման ծախսերին:

– Ես Ձեր հարցերին չեմ ուզում պատասխանել. անգամ էդ հիասքանչ միջոցառումից հետո, սաղ արձագանքներից հետո, դուք էլի մանիպուլյատիվ ինչ-որ հարցեր եք տալիս:

– Բայց հետաքրքրում է, եթե կառավարության կողմից է տրամադրվել այդ գումարը, քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկանալու:  Ես Ձեզ գրավոր հարցում էի ուղարկել. դուք հրապարակային գործունեություն եք ծավալում:

– Ուղարկեք նորից գրավոր հարցում, եթե հարմար տեսնենք, կպատասխանենք:

– Հարմարության հարց չէ. ուղղակի պետք է բաց, թափանցիկ աշխատել:

– Մենք շատ բաց, թափանցիկ և Հանրապետության հրապարակից տեսանելի ենք աշխատում, իսկ «168 Ժամը» միայն գրում է այնպիսի բաներ, որոնք ուղղակի հային հարիր չեն:

– Պարո՛ն Առաքելյան, ծախսերի մասին ինֆորմացիա որտե՞ղ կարող ենք տեսնել:

– Էս համարին էլ չզանգեք:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն այս միջոցառման կազմակերպման համար մրցույթ չի հայտարարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել