Tert.am-ը գրում է.

Երբ Բաքուն իրանական բեռնատարների և ավտոբուսների ստուգումներ մտցրեց Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում և հատուկ պայմաններ սահմանեց Հայաստան բեռներ տեղափոխող իրանական մեքենաների համար, պարզ դարձավ, որ այն սկսել է խաղալ առաջին հերթին Իրանի հետ սրացման ուղղությամբ, իսկ հետո նաև Երևանի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն արված չէ, գրում է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը Regnum լրատվական գործակալության կայքում հրապարակված իր հոդվածում:

«Բացի այդ, փորձեր են արվում խաթարել Երևանի և Թեհրանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը, քանի որ վերոնշյալ երթուղին երկար տարիներ օգտագործվում է Հայաստան ապրանքներ առաքող իրանական տրանսպորտային ընկերությունների կողմից: Ընդ որում, փաստերը վկայում են, որ Բաքվի գործողությունները չեն կարող անակնկալ լինել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, քանի որ փորձ է արվել խնդիրը լուծել դիվանագիտական գործիքների օգնությամբ: Մասնավորապես, այս առիթով Ադրբեջանի և Իրանի դիվանագիտական գերատեսչությունները բանակցություններ են վարել, որոնք, սակայն, անհաջող էին: Միևնույն ժամանակ, Բաքուն չի թաքցնում իր մտադրությունները: 

«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի խոսքով՝ «իրականում այդ միջոցներն ուղղված են ոչ թե Իրանի, այլ Հայաստանի դեմ», և այն ամենը, ինչ «վերջերս ձեռնարկվել է սահմանին, ճնշումն է Երևանի վրա՝ նրան խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրման դրդելու, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ապահովման հասնելու համար»:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն ակնկալում էր, որ Իրանի միջոցով ճնշում կգործադրի Հայաստանի վրա այս ուղղությամբ: Ավելին, իրանցիները պաշտոնական մակարդակով հայտարարել են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և նույնիսկ, որպես Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամներ, դատապարտել «Հայաստանի ագրեսիան», թեև այդ երկրի հետ ակտիվ տնտեսական համագործակցություն են զարգացնում:

Բայց այս անգամ Թեհրանը հրաժարվեց փոխզիջումային լուծումներ փնտրելուց և չխաղաց Բաքվի կողմից: «Հայաստանի հետ սահմանը Թեհրանի համար կարմիր գիծ է: Մենք անհանգստացած ենք, որ դա կարող է կտրել Երեւանը մեզանից», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

Ի վերջո, Թեհրանին առաջարկվել է ապրանքներ տեղափոխել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝ Ֆիզուլիի կամ Ջեբրաիլի շրջանցիկ ճանապարհով: Դրանից հետո հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում իսկական տեղեկատվական պատերազմ սկսվեց: 

Բաքուն Իրանին մեղադրում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետևողական գործողությունների, «Ղարաբաղում անջատողական ռեժիմի» հետ հարաբերությունների պահպանման, Ադրբեջանի նկատմամբ «կեղծավորության», և այն բանի համար, որ անցած պատերազմի ժամանակ Թեհրանը կիրառել է «Ադրբեջանի ահաբեկման գործողություններ»՝ տեղադրելով Ադրբեջանի սահմանի մոտ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սարքավորումներով ռազմական ավտոշարասյուների տեղաշարժի տեսագրություններ, առանց խորհրդակցության Մոսկվա է ուղարկել պատվիրակություն՝ փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի գլխավորությամբ և այլն: 

Ինչ վերաբերում է Իրանին, ապա, իրանցի փորձագետներից մեկի կարծիքով, «Ադրբեջանի վերահսկողությունը Հայաստանի հետ սահմաններին ընկալվում է որպես Իրանի պետական հեղինակության ոտնահարում»՝ ելնելով նրանից, որ ժամանակին Ադրբեջանի և Հայաստանի տարածքները Պարսկական կայսրության կազմում էին, և այդ պետությունները շարունակում են մնալ «նրա պատմական և քաղաքական շահերի գոտում»: Հետևաբար, Թեհրանում քաղաքական գրգռվածության բարձրացման պատճառ է դառնում Բաքվի և Անկարայի ռազմաքաղաքական դաշինքը՝ հաշվի առնելով Իրանում բնակվող և իրենց ադրբեջանցի համարող միլիոնավոր մարդկանց գործոնը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել