Pastinfo.am-ը գրում է.

«90 տոկոսով համոզված եմ՝ առևանգում է եղել»․ Ազատամարտիկ Եփրեմ 

Մարգարյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղի ունեցած միջադեպին, երբ ըստ հայկական պաշտոնական վարկածի, երկու երիտասարդ մայրուղուց շեղվել և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում են հայտնվել։

«Իմ կարծիքով՝ առևանգում է տեղի ունեցել, 90 տոկոսով համոզված եմ։ Ով երթևեկել է այդ ճանապարհով, կիմանա, որ շփոթելու տեղ չկա՝ գլխավոր ճանապարհը ուղիղ քեզ տանում է քո ուզած տեղը։ Այդտեղից շփոթվել ու ինչ- որ տեղ մտնել հնարավոր չէ՝ ուղիղ ճանապարհ է։ Ո՞նց կարող է գլխավոր ճանապարհին տեսնես ադրբեջանական դրոշը տնկած է ու թեքվես այդ կողմ»։

Ազատամարտիկը չի բացառում, որ նման դեպքերը կրկնվելու են, անգամ չի բացառում, որ երկրի հարավային գլխավոր մայրուղով հայկական պետհամարանիշերով մեքենաները չեն երթևեկի։

«Ադրբեջանն օր- օրի իրեն ավելի լկտի է պահում։ Կլինեն նորից նման դեպքեր, բայց ոչ ծանր հետևանքով։ Սա ժողովրդի մեջ ինչ- որ վախի մթնոլորտ սերմանելու համար է։ Եթե այդտեղ հայկական կողմից չերթևեկեն, այդ ճանապարհը մնում է իրենց տիրապետության տակ։ Դեպքերի մասին լսելով՝ հայկական ավտոմեքենաները ավելի կքչանան, մի հատ էլ նման դեպք ու ընդհանրապես չեն գնա ու կունենանք այլընտրանքային ճանապարհ, ինքնաբերաբար ամեն ինչ կմնա իրենց տրամադրության տակ»։

Մարգարյանը նշում է, որ տրամաբանությամբ կարելի է հասկանալ, որ նման գործողություններով թշնամու ցանկությունը ու վերջնակետը այդքան ցանկալի Զանգեզուրի միջանցքն է, որի շուրջ բանակցությունները հերքում են ՀՀ պաշտոնական գերատեսչությունները։

«Այս գործողությունները, ամենայն հավանականությամբ, տանում են դեպի նոր պատերազմ։ Հայկական կողմը չի կարող այսքանը կուլ տալ։ Ի վերջո, պատերազմի ավարտից հետո ենք ասել, որ հրահրումներ լինելու են։ Տարածքային ամբողջականության հարց կա, Թուրքիայի գործոնն էլ կա»,- ասել է ազատամարտիկը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել և հավանական բանակցություններին՝ ազատամարտիկը նշեց, որ Թուրքիան չի բանակցելու, այլ պահանջելու է։

«Թուրքերի հետ դիվանագիտական ի՞նչ հարթակներում պետք է հանդիպեն, երբ այս ամենի 90 տոկոսը Թուրքայի ձեռքի գործն էր։ Չեմ բացառում՝ Ռուսաստանի գործոնը։ Թուրքիան միշտ եղել է պահանջատեր։ Կարո՞ղ է ասի բարով եք եկել, եկեք քննարկենք Արևմտյան Հայաստանի հա՞րցը։ Նա նոր պահանջներ ու տեսակետներ է ներկայացնելու։ Առաջին հերթին շահագրգռվածությունն է միջանցքը, Մեծ թուրանի ստեղծումը, նաև կարճ ճանապարհը՝ դեպի առևտրային ասպարեզ, տնտեսական կտրուկ աճը այդ ճանապարհով է ունենալու, իսկ Հայաստանին վերջնականապես շրջափակելու է և դարձնի Օսմանյան գաղութներից մեկը»։

Ազատամարտիկը չի բացառում, որ բանակցություններն արագացնելու կամ սկսելու համար թշնամին պատրաստ է կտրուկ քայլերի դիմել։ ՀՀ իշխանությունն էլ՝ 44-օրյա պարտերազմի ավարտի նման, իբր իրավիճակը փրկելու նպատակով կրկին զիջումների կգնա։

«Բանակցային գործընթացը կարող է երկար տեւել։ Դրանով երկկողմանի համաձայնության չեն եկել ու կտրուկ որոշում դեռ չկա։ Բանակցային փուլը ձգձգումն էր, ոնց որ Արցախի հարցը՝ 30 տարի։ Թուրքը դրանից օգտվեց, զինվեց, հարցը լուծեց ռազմական ճանապարհով։ Ինչն է իրեն խանգարում նորից հարցը այդպես լուծել։ Մեզ այդ բանակցություններն ի՞նչ են տալիս։ 30 տարի մեզ դա ի՞նչ տվեց»։

Մարգարյանը կարեւորում է հանրության դերակատարությունը։ Ըստ նրա՝ հասարակությունն այսօր կարող է շատ լուրջ որոշիչ դեր ունենալ, մինչդեռ «ազգը վերածվել է կռապաշտ հասարակության»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել