Դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ Շիրակի մարզային քննչական վարությունում քննված քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ  Շիրակի մարզի Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ․Խ․-ն պաշտոնավարման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից համայնքի տա­րած­քում ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին՝ 2007թ․դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչ, իր ծանոթ, կադաստրի պետական կոմիտեի աշխատակից Հ․Հ․-ի հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր։ Դրանով վերջինս Զարիշատ համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության 2.5 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 12.720 ՀՀ դրամ վարձավճարով: Այս մասին հայտնում է Դատախազությունը:

Մեկ օր անց՝ 2007թ․ դեկտեմբերի 26-ին, համայնքի ղեկավարը տվել է իր համաձայնությունը նշված 2.5 հա գյուղատնտեսական նշանակության նշված հողամասից որևէ տարածք ենթավարձակալությամբ տալուն, և նույն օրը Հ․Հ․-ն իր վարձակալած հողամասից 0,04 հա հողատարածքը ենթավարձակալությամբ հանձնել է բջջային օպերատոր ընկերությանը 24 տարի ժամկետով` ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով:

Նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքում տեղադրվել և շահագործվել է ալեհավաք կայան, իսկ համայնքի ղեկավարի գործողությունների արդյունքում Հ․Հ․-ի ընտանիքը մինչև 2016թ․հոկտեմբերի 6-ը ներառյալ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.215.482 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, այսինքն համայնքը  զրկվել է այդ չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ․Խ․-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում նրա կողմից ներկայացվել է պատճառված վնասի վերականգնման մասին վճարման անդորրագիր, որի համաձայն՝ որպես պատճառված վնաս,  վերականգնվել է 1.000.000 ՀՀ դրամ:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել