168.am-ը գրում է.

Հայաստանում շրջանառվում է «Դելտա» շտամը, հայտնում է Առողջապահության նախարարությունը (ԱՆ)։

Նախարարությունը տեղեկացնում է, որ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն: Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:

ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ զրուցել ենք «Դելտա» շտամի վտանգների, կորոնավիրուսի հերթական ալիքի, պատվաստանյութերի շուրջ:

– Տիկի՛ն, Տեր-Ստեփանյան, ինչո՞վ է «Դելտա»-ն տարբերվում մյուս շտամերից, և կա վարկած, որ «Դելտա» շտամն ավելի շատ կարող է հանդիպել մանկապատանեկան տարիքային խմբում, այդպե՞ս է:

– Նման բան կա: Նախ այդ միտումը պայմանավորված է նրանով, որ երեխաները պատվաստված չեն: «Դելտա»-ով ավելի հեշտ է վարակվել, այն 2-2,5 անգամ ավելի վարակիչ է, քան «Ալֆա», «Բետա» շտամերը: Այն ավելի ինտենսիվ է տարածվում, թոքաբորբն էլ ավելի արագ է զարգանում, քան մյուս շտամերի դեպքում:

Ինչ վերաբերում է  «սև բորբոսին», ապա այն համարվում է երկրորդային վարակ, որն ինտենսիվ զարգանում է կորոնավիրուսային վարակի ֆոնին՝ հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն շաքարային դիաբետ: Եվ Հնդկաստանում, որպես երկրորդային ինֆեկցիա, մեծ թվով դեպքեր են արձանագրվել: Դեպքեր արձանագրվել են նաև մի շարք երկրներում՝ Ռուսաստան, Նեպալ: Այսինքն, որպես երկրորդային վարակ՝ «Դելտա» շտամի հետ գնում է:

– Առկա պատվաստանյութերը պաշտպանո՞ւմ են «Դելտա» շտամից:

– Բոլոր պատավստանյութերն էլ պաշտպանում են: Ի սկզբանե ասվում էր, որ պատվաստվել՝ չի նշանակում՝ չվարակվել: Կա վարակվելու հավանականություն, ուղղակի հիվանդությունը թեթև են տանում: Ամերիկյան CBC հեռուստաալիքը հաղորդեց, որ պատվաստվածների շրջանում մահվան դեպքերը եղել են 0.001 տոկոս: Դա կարող է լինել ուղեկցող հիվանդությունների պատճառով և այլն:

– Քանի որ «Դելտա» շտամն ավելի շատ կարող է հանդիպել մանկապատանեկան տարիքային խմբում, հնարավո՞ր է, որ առաջիկայում նաև երեխաներին պատվաստեն:

– Դա կախված է պատվաստանյութի տեսակից, եթե այն թույլ է տալիս մինչև 18 տարեկանների պատվաստում: Այս պահին Pfizer պատվաստանյութն է առաջարկում մինչև 18 տարեկանների պատվաստումը: Moderna-ն քննարկում է այս մոտեցումը: Մնացածը դեռևս կլինիկական փորձարկումներ չեն անցել երեխաների շրջանում, դրա համար պատվաստանյութերի հետ կապված առաջարկներ չկան:

– Հայաստանում մարդիկ դեռ քիչ են պատվաստվում, համարում են, որ դեռևս պատվաստանյութերը փորձաշրջան չեն անցել, հնարավոր է, ասենք, երկու տարուց խնդիրներ ունենան: Որքանո՞վ է սա հավանական:

– Մարդիկ, ովքեր վախենում են հետպատվաստումային ռեակցիաներից, ավելի շատ պետք է վախենան կորոնավիրուսի հետինֆեկցիոն բարդություններից, որոնք հազար անգամ ավելի են, քան հետպատվաստումային բարդությունները: Ովքեր հիվանդացել են՝ կհաստատեն, որ այն խնդիրները, որոնք մնում են կորոնավիրուսով վարակվելուց հետո, այնքան անցանկալի են, որ ուղղակի համադրելի չեն պատվաստումից հետո մեկօրյա, թեթև ինքնազգացողության անկման հետ, որը ինքնուրույն վերականգնվում է՝ առանց հետևանքների 99.9 տոկոսով:

– Շատերն ասում են՝ վարակվել ենք կորոնավիրուսով, հակամարմինները բարձր են, էլ ինչո՞ւ պատվաստվել:

– Բոլոր համալսարանների գիտնականները միակարծիք են այս հարցում, անգամ տարակարծություններ չկան, որովհետև  հակամարմինների թիվ գոյություն չունի, որ ասեն՝ ահա, այսքան հակամարմին ունեք, իմաստ չունի պատվաստվել: Ամեն դեպքում հստակ է՝ կորոնավիրուսով հիվանդացածն ու պատվաստվածն ունենում է շատ ավելի լավ պաշտպանություն, քան, եթե նա չպատվաստվի:

– Մի շարք երկրներում մարդիկ խորհրդակցում են իրենց բժշկի հետ, եթե պետք է՝ անալիզ են հանձնում, նոր պատվաստվում, իսկ մեզ մոտ դեռևս այդ մշակույթը չկա:

– Ոչ մի ուղեցույցում չկա՝ պատվաստումից առաջ ինչ-որ անալիզ հանձնել: Սակայն, իհարկե, բժիշկը հարցնում է առողջական խնդիրների մասին, և հակացուցումները հաշվի են առնվում: Դա մեզ մոտ էլ է գործում:

– ՀՀ կառավարությունը մոտ 3,5 մլրդ դրամ հատկացրեց Sinopharm և Pfizer պատվաստանյութերի գնման համար: Ի՞նչ տարբերություն այս պահին առկա պատվաստանյութերի և Sinopharm-ի և Pfizer-ի միջև:

– Pfizer-ը mRNA-ի պատվաստանյութ է, սա վիրուսի գենետիկ ինֆորմացիայի թելն է, որն օրգանիզմ ներմուծելով՝ «հավաքում» է այդ անտիգենը, և ի պատասխան դրա՝ նոր արտադրվում են հակամարմիններ: Սա միանգամայն նոր սերնդի պատվաստանյութ է, իսկ Sinopharm-ն ինակտիվացված վակցինա է, ՀՀ-ում առկա «Սինովակի» ալտերնատիվ տարբերակն է, որը նույնպես վիրուսի մասնիկ է պարունակում:

– Կարծիք կա, որ աշնանը՝ գրիպի սեզոնին, կորոնովիրուսի թվերի աճ կլինի: Ըստ Ձեզ, կորոնավիրուսի չորրորդ ալիք կլինի՞:

– Կորոնավիրուսի հերթական ալիքը կոչվում է «Չպատվաստվածների համաճարակ»: Կարծում եմ՝ չորրորդ փուլն ավելի շուտ կլինի, քան գրիպի սեզոնը՝ հաշվի առնելով «Դելտա» շտամի ակտիվ տարածումն ու մեր հասարակության ակտիվ շփումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել