Armeniasputnik.am-ը գրում է.

Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆիգ Հուսեյնովին։

Առաջին մրցափուլում Չալյանը միավորներ վաստակելու շատ լավ հնարավորություն ստացավ։ Հուսեյնովին պատժեցին պասիվության համար, բայց Չալյանը չկարողացավ գլորել պարտերից, և դա վճռական դարձավ այս գոտեմարտում։

Երկրորդ մրցափուլում պասիվ էր արդեն Չալյանը, ու հաշիվը հավասարվեց՝ 1։1։ Բայց գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ մրցավարները մեր ըմբիշի գործողություններում միտումնավոր հարված տեսան մրցակցի դեմքին։ Հուսեյնովը գոտեմարտի ընթացքում մի քանի անգամ փորձեց իր արտիստիզմի շնորհիվ մրցավարներին սադրել ու ի վերջո հասավ իր նպատակին։ Չալյանը զգուշացվեց, իսկ ադրբեջանցուն տվեցին երկու միավոր։ Մեր մարզիչների բողոքարկումն էլ մերժվեց, ու մրցակիցը հաղթեց 4։1 հաշվով։

Հիշեցնենք` Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթանակի հասավ ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը դժվարին գոտեմարտում 2։1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի ըմբիշ Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ։ Եվ կիսաեզրափակիչում Չալյանը հաղթելու շատ լավ հնարավորությունը ձեռքից բաց թողեց, ու 2։6 հաշվով պարտվեց ղրղզ Ակժոլ Մախմուդովին։

Նշենք, որ օլիմպիական խաղերում հայ ըմբիշների մասնակցությամբ գոտեմարտերից արդեն երկուսում մրցավարական անհասկանալի որոշումների պատճառով հայ մարզիկը զրկվում է մեդալ վասստակելու հնարավորությունից։ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանի հաղթանակը չեղյալ համարեցին, 77 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում, չգիտես ինչու, երկու միավոր շնորհեցին Կարապետ Չալյանի մրցակցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել