Hraparak.am-ը գրում է.

Ազգային ժողովի՝ տարիքով ամենաավագ պատգամավոր Կնյազ Հասանովի համար երեկ ծանր օր էր։ Նա ավագության սկզբունքով երեկ մի քանի ժամ ստիպված եղավ վարել ութերորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը, որը փորձեցին «հարամ» անել նորընտիր ընդդիմադիրները։ Մասնավորապես, «Հայաստան» դաշինքի պատգամավորները պահանջում էին, որ նիստին պարտադիր ներկա գտնվեն իրենց կալանավորված ընկերները՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, որոնք պատգամավորական մանդատ են ստացել, բայց անազատության մեջ են։ Հասանովը հայտնվել էր անելանելի վիճակում, չնայած արդեն երեք անգամ ԱԺ մեկնարկի նիստ է վարել իր կյանքի ընթացքում՝ որպես խորհրդարանի ամենաավագ պատգամավոր։

Ընդդիմադիրներն իրավական ձեւակերպումներով փորձում էին Հասանովին պարտադրել կոնկրետ քայլեր ձեռնարկել, որը նա չէր կարողանում եւ պարբերաբար խնդրում էր՝ թույլ տան ինքն իր նիստը վարի, գնա, հետո ինչ կուզեն, թող անեն։

Նիստից հետո պարոն Հասանովին հարցրինք՝ կյանքը շա՞տ կերան ընդդիմադիրները։ «Ընդդիմադիրներն էլ մեր պատգամավորներն են եւ, բնականաբար, ընդդիմադիր են, պետք է իրենց հարցերն առաջ քաշեն, դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, իսկ կյանք ուտելն էլ՝ ես չեմ նեղվում»,- ասաց Հասանովը։

- Մենք հասկացանք, որ Ձեր տարիքը հարգելով՝ Ձեզ խնայում էին մի փոքր, բայց Դուք էլ, ինչպես նկատեցինք, մի փոքր դժվարություն ունեիք նիստը վարելու հարցում, ԱԺ կանոնակարգին կարծես լավ չէիք տիրապետում, որոշ հարցերում չէիք կարողանում արագ կողմնորոշվել։

- Չէ, ես ամբողջ վարման կարգի հոդվածները, կետերը մեկ-մեկ ընթերցում, ասում էի, որ էսպես ա, իսկ իրանք իրանցն էին քշում, որ գնան դատախազ բերեին։ Դատախազն էլ՝ դա իմ իրավասությունների մեջ չէր, ես՝ որպես տարիքով ավագ պատգամավոր, իմ օրակարգային գործունեությունն էի իրականացնում։

- Իսկ ի՞նչ էր հուշում Ձեզ Ռուբեն Ռուբինյանը, երբ ասում էր՝ «սաղ լավ ա, մալադեց, մենակ մեկ-մեկ էս կողմ նայի, իշմար ենք տալիս»։

- Էդպիսի բան ես չեմ լսել։ Դուք եթե լսել եք, ես ոչինչ չեմ լսել։

- Բայց պարզ լսվում էր նրա ձայնը։ Ձեզ ոչինչ չե՞ն հուշել։

- Ի՞նչ պետք է հուշեր, ինչի ես էդքան բա՞ն չեմ, որ ինձ պիտի հուշող էլ լինի։ Երեք անգամ ես բացում եմ արել։

- Ի դեպ, մամուլով տարածվեց նաեւ այն տեսանյութը, որ Դուք փորձում էիք կաթողիկոսի ձեռքը սեղմել՝ հրաժեշտի պահին, բայց նա Ձեր ձեռքն օդում թողեց եւ հեռացավ։

- Չէ, ես մինչեւ շուռ եկա, արդեն ինքը գնում էր, արդեն անհարմար զգացի, որ մոտիկանամ, ձեռք մեկնեմ։ Բայց գալուց նա ինձ բարեւեց։

- Պարոն Հասանով, ի՞նչ եք կարծում, այս պայմաններում, այս մթնոլորտում ինչպե՞ս է աշխատելու խորհրդարանը։

- Շատ լավ էր մթնոլորտ կլինի, կաշխատեն, բոլորն էլ հայ մարդիկ են, բոլորն էլ մտածում են այս երկրի անվտանգության, զարգացման եւ այլ հարցերի համար։

- Բայց իրենք ձեզ մեղադրում են, որ եթե դուք մտածեիք երկրի մասին, հիմա այս իրավիճակը չէր լինի, թուրքն այսօր մտած չէր լինի մեր տարածք, մինչդեռ դուք այսօր այս շենքում եք զորք բերել կանգնեցրել, որ լրագրողներին հսկեն։

- Մեղադրանքն անհիմն ա, եթե էդ զորքը պահում են, դա բոլորի համար ա՝ եւ դիմադիր, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորների։

- Բայց թշնամու համար պիտի լիներ այդ զորքը, ոչ թե մեր։

- Չէ, անվտանգության մի քանի աշխատողը զորք չի։

- Նախկինում այդպես չէր, հիմա շատ-շատ են անվտանգության աշխատակիցները։

- Չէ, չէ։ Դե հիմա առաջին օրն ա, կարող ա եւ մի քանի օր հետո․․․

- Բայց ի՞նչ վտանգ կա, Դուք ընդդիմադիրների կամ մեր կողմից որեւէ վտանգ տեսե՞լ եք ձեր հանդեպ։

- Ոչ մի վտանգ չկա։ Վտանգը եթե կա, սահմաններում ա էդ վտանգը։

- Այդ դեպքում, իշխանություններն ինչո՞ւ չեն պաշտպանում մեր սահմանները։

- Պահպանում են, մեր բանակը սահմաններում է։

- Եթե սահմաններում է, ինչո՞ւ թշնամին Սեւ լճից դուրս չի գալիս, ինչո՞ւ են Վարդենիսում կամաց-կամաց առաջ գալիս։

- Դե դա, չեն մտել, նրանք մտել են էն առումով, որ սահմանների ճշտման հարցեր կան, դրա համար ճշտում են, ռուս խաղաղապահներն են այնտեղ, ճշտումներ են անում։

- Իսկ մենք ի վիճակի՞ չենք նրանց դուրս շպրտելու։

- Դե հիմա, իրենք ոչ մի բան չեն արել, որ մերոնք էլ նույն պատերազմով դուրս շպրտեն։

- Բայց ամեն օր կրակում են, մենք զոհ ունենք արդեն։

- Մենք էլ ենք կրակում, եթե մեր սահմանին մոտիկանում են, մենք էլ ենք կրակում։

- Բայց զոհերը մեզնից են լինում։

- Դե հիմա, իրանցից էլ կան, մերոնցից էլ կլինեն զոհ։ Պատերազմի ժամանակ հալվա չեն բաժանում։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել