168.am-ը գրում է.

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որն ամիսներ առաջ վերցվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից, շարունակում են ինժեներական աշխատանքներ ընթանալ: 168.am-ի հետ զրույցում Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն ասաց, թե այդ աշխատանքները գյուղից մետրերի հեռավորության վրա են կատարվում:

«Իրավիճակն ընդհանուր նույնն է, ինչ եղել է մի 20-25 օր առաջ: Իրենք իրենց ինժեներական աշխատանքներն անում են, իրենց տեղերը պնդեցնում են: Մետրերի հեռավորություն է: Դե, ճանապարհի տակի թաղամասը վերցրել են, բնականաբար, մետրերի հեռավորություն է: Էնտեղ բոքսեր են կառուցել ու դիմացի բարձունքի վրա էլ նորից պոստի տեղադրում են արել: Բայց ընդհանուր հանգիստ են, ոչ մի ագրեսիա, սադրանք չկա:

Բոքսերն էլ երևի տեխնիկայի կայանման համար են սարքում, բեռնատար մեքենաների կայանման տեղ: Միգուցե մեծ զորանոց են սարքում, ամեն դեպքում կողքից չես կարա հաստատ ասես, ավելի շատ կարաս ենթադրություն անես, թե ինչ կարան անեն…

Հենց անմիջապես գյուղի բաժանման հատվածում՝ մեր տարածքում, ռուսական խաղաղապահն է կանգնած՝ իրենց զրահատեխնիկայով: Հերթապահություն են անում»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Արշակյանի փոխանցմամբ՝ գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ այն հատվածում, որտեղ այժմ ադրբեջանական ուժերն են վերահսկողություն իրականացնում, նկատելի է այնպիսի տեղաշարժ, որ կարելի է բնութագրել այդ տարածքում ռազմաբազայի առկայությամբ:

«Երևի հիմա բազա են հիմնում, որովհետև 3կմ հեռավորության վրա էնտեղ գյուղ կա, էդ գյուղն անընդհատ շարասյուն ա մտնում: Ի՞նչ են տեղափոխում, չգիտեմ: Մենք տեսնում ենք էդ շարասյան լույսերը, որ գալիս-մտնում են էդ ձորը: Էդ գյուղն ուրիշ տեղից չի դիտարկվում, որ հասկանանք՝ ինչ են անում, կամ ինչ է կատարվում, ինչի են նախապատրաստվում»,- 168.am-ին ասաց Շուռնուխի համայնքապետը:

Ինչ վերաբերում է գյուղացիներին, ապա նրանք, համայնքապետի խոսքով՝ ամեն օր ադրբեջանցի զինվորական տեսնելով՝ իմունիտետ են ձեռք բերել:

«Բնակիչներն արդեն հարմարվել են էն առումով, որ ամեն օր տեսնում են էդ, մարդիկ իմունիտետ են ձեռք բերում: Իրենց բոստանով են զբաղված»,- նշեց Արշակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել