Armsport.am-ը գրում է.

Եվրոպական խաղերի չեմպիո, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթանակ տարավ մրցավարների որոշմամբ։

Մեր բռնցքամարտիկը 4-1 հաշվով փայլուն հաղթանակ է տարել և դուրս եկել ՕԽ-ի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այստեղ արդեն Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։

Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում, և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել