Hraparak.am-ը գրում է.

Այսօր Ադրբեջանը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա համայնքների ուղղությամբ ինտեսիվ մարտական գործողություններ է իրականացրել, որի հետևանքով ՀՀ զինված ուժերը այս պահին պաշտոնական տվյալներով ունեն 3 զոհ և 3 վիրավոր։

Տելեգրամյան ալիքներում արդեն տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ հակառակորդը ունի տարածքային առաջխաղացում և զոհերի թիվը իրականում 3-ը չէ, այլ 5-ն է, և այս պատասխանատու պահին ողջամիտ տրամաբանությամբ գերատեսչությունների մամուլի պատասխանատուները պետք է քիթ սրբելու ժամանակ չունենային, անդադար պատասխանեին ԶԼՄ-ների հարցերին, որպեսզի հանրությունն էլ ստանար արժանահավատ և օպերատիվ տեղեկատվություն, սակայն գերատեսչությունների խոսնակները, ձևավորված ավանդույթի համաձայն, գտել են հեշտ տարբերակը, պարզապես անջատել են հեռախոսները և կորել։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը զանգերին չի պատասխանում, ՊՆ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանը զանգերին չի պատասխանում, ԳՇ մամուլի խոսնակ Սամվել Ասատրյանը զանգերին չի պատասխանում, ԱԳՆ-ում ո՛չ նախարար կա, ո՛չ էլ մամուլի խոսնակ։ Փոխարենը կրկին ակտիվացել է Արծրուն Հովհաննիսյանը, որը ՊՆ-ն չի ներկայացնում և ոչ էլ վստահություն է ներշնչում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել