Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործը վերամակագրվել է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից։ Այն կքննի դատավոր Մանվել Շահվերդյանը։

Այսպես, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը, որով նրան մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք հրապարակելու համար, ի սկզբանե մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել՝ ասելով, որ ունի կանխակալ վերաբերմունք։

Դատավոր Վաչե Մարգարյանը հուլիսի 22-ին Մովսես Հակոբյանի գործով սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ էր հայտնել՝ որպես հիմնավորում նշելով, որ Մովսես Հակոբյանի գործով ունի կանխակալ վերաբերմունք։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից գործի վերաբաշխման արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին, որի անունը, ի դեպ, մասնագիտական հանրությունում շոշափվում է որպես իշխանությունների և իրավապահ մարմինների կամքը դակող։ Այս պահի դրությամբ՝ դատավորի վարկանիշը 5 միավոր է։

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 19-ին, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնց համաձայն՝ պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով, որի շրջանակներում առ այս պահը որևէ պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել։ Բացի այդ՝ քրեական գործը չէր հարուցվել սուտ մատնության հատկանիշներով, փոխարենը՝ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ պետական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Մովսես Հակոբյանին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար։ Հատկանշական է, որ ԱԱԾ-ն այդ քայլով հաստատել է Հակոբյանի խոսքերի ճշմարտացիությունը, ասել է թե՝ ապացույցներն անհերքելի են, հետևաբար, հասկանալի չէ, թե ինչու է ՀՔԾ-ն առ այս պահը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել