ArmLur.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Ժնևում երկարատեւ բանակցություններ են ունեցել եւ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախյան հակամարտության հարցը: ԱՄՆ վարչակազմը մանրամասներ հայտնելով բանակցություններից, անդրադարձել է նաեւ  ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մեռյալ կետից շարժելու հարցին:

«Նրանք (նախագահները) խոսել են ոլորտների մասին, որոնցում ունենք իրական, հստակ տարաձայնություններ՝ սկսած Ուկրաինայից, որտեղ նախագահ Բայդենը հաստատել է մեր հանձնառությունն այդ երկրի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև քննարկել են՝ կա՞ն նախադրյալներ Մինսկի գործընթացը տեղից շարժելու համար»,-օդանավում լրագրողներին ասել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Երեկ  բանակցություններիվ հետո երկու երկրների ղեկավարներն առանձին-առանձին մամուլի ասուլիսով են հանդես եկել եւ խոսել, թե ինչի է շուրջ են պայմանավորվել:

Բանակցությունների արդյունքների մասին խոսելիս նաև ԱՄՆ նախագահը շեշտել է, թե դրանց հաջողված կամ չհաջողված լինելու մասին հնարավոր կլինի խոսել վեց ամիս հետո, սակայն երկուսն էլ ընդգծել են, որ բանակցություններն անցել են հանգիստ ու կառուցողական մթնոլորտում: Բայդենը կարեւորել է Պուտինի հետ անձամբ շփվելու հանգամանքը:

Պուտինն էլ է Բայդենի հետ հանդիպումը դրական  է գնահատել, ընդգծելով, թե դրա ընթացքում «ոչ մի թշնամանք չի եղել»։ «Ես հերթական անգամ համոզվեցի, որ  Բայդենը փորձառու մարդ է», – նշել է Պուտինը:

Բացի այդ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի թույլ չտան Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Բայդենը շեշտել է նաև, որ կարևոր է թույլ չտալ Աֆղանստանում ահաբեկչության վերածնունդը, և որ այս հարցում նույնպես Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերը համընկնում են։

Կրեմլի մամուլի ծառայությունը նաեւ հայտարարություն  է տարածել, որում ասվում է. «Մենք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նշում ենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության ժամանակ նրանք կարող են առաջընթացի հասնել ռազմավարական ոլորտում կանխատեսելիության ապահովման, զինված հակամարտությունների ռիսկերի նվազեցման և միջուկային պատերազմի սպառնալիքի նվազեցման համատեղ նպատակների իրականացման գործում:

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի վերջին երկարաձգումը վկայում է միջուկային սպառազինությունների վերահսկման մեր հանձնառության մասին։ Այսօր մենք վերահաստատում ենք հավատարմությունը այն սկզբունքին, ըստ որի միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն երբեք չպետք է սանձազերծվի։

Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտ ժամանակներս համատեղ երկկողմ երկխոսություն կսկսեն ռազմավարական կայունության շուրջ, որը կլինի առարկայական եւ եռանդուն: Նման երկխոսության միջոցով մենք ձգտում ենք հիմք դնել սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողության և ռիսկերի նվազեցման միջոցառումների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել