168.am-ը գրում է.

Ապրիլի 12-ին «168 Ժամ»-ը հրապարակել էր «Վ.Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական  համատեղ ձեռնարկության տնօրեն  Ռուդոլֆ Սուրենի Հակոբյանի՝ բավականին ծավալուն ապացույցներով ծրարը՝ աղաղակող կոռուպցիայի մասին:

Հաղորդումն ամրագրված էր համապատասխան փաստաթղթերով: Ռուդոլֆ Հակոբյանը նաև գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն  6.450.000 (6 միլիոն 450.000) ՀՀ դրամ է փոխանցել «Իմ քայլը» իշխող կուսակցությանը, ևս 1.000.000 (1 միլիոն) ՀՀ դրամ փոխանցել է «ԱրցախԲանկ» ՓԲԸ-ն (փոխանցման ցուցակները կցվում են):

Մեզ հետ զրույցում «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանն ասել էր, որ դատախազությունն անհարկի ձգձգում է քրեական գործի հարուցումը: Վերջինս նշել էր, որ տարբեր ատյաններ անցնելուց հետո իր բողոքը, ի վերջո, հասել է Կենտրոնի քննչական բաժին, ուր քրեական գործի հարուցումը մերժվել է:

Նրա խոսքով՝  ինքն այս ամենի մասին, ինչպես կարգն է պահանջում, բողոքել է վերադաս դատախազին և պահաջել, որ քննվեն և բացատրություն տան այս գործում գլխավոր գործող անձինք՝ բանկի գործադիր տնօրենը, ով գումարներ է փոխանցել իշխող կուսակցությանը, և այդ կուսակցության ներկայացուցիչը, ինչը քննիչը չի արել:

«Որոշման մեջ զավեշտն այն է, որ իբր իմ գրած դիմում-բողոքում բարձրացված հարցերը իմ երևակայության արդյունքն են, չնայած բողոքին կցված են եղել 35 թերթ ապացույցներ»,- եզրափակել էր Ռուդոլֆ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում:

 

Այս գործի ընթացքից նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Մեզ հետ զրույցում գործարարն այսօր նշեց, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ ինքը բողոքով դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պ. Վ. Մարտիրոսյանին, ով հսկողություն էր իրականացնում սույն գործի վրա:

«Անգամ փոքր կասկած չունեի, որ վերադաս դատախազը նույնպես կմերժի բողոքս ցանկացած անհեթեթ պատճառաբանությամբ, որովհետև ներկայիս բռնապետական,  կոռումպացված, հայրենադավ իշխանության ղեկավարը իր ընտանիքի համար շահավետ ընկերություն է անում «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի սեփականատեր Վարդան Սրմաքեշի հետ: Բնականաբար, այս պարագայում ո՞ր քննիչը կամ դատախազը կհամարձակվի դեմ գնալ Նիկոլին, անմիջապես կփռեն ասֆալտին ու կծեփեն պատերին: Տրամաբանական հարց է առաջանում, այդ դեպքում ի՞նչ միտք ուներ դատախազությանը դիմել»,- հռետորական հարց է բարձրացնում Ռուդոլֆ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ դատախազություն դիմելու իմաստը հետևյալն է՝ համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի՝ իր հաջորդ քայլը դատախազության մերժումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում մերժումը բողոքարկելը կլինի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ռուդոլֆ Հակոբյանը, սակայն, այդ որոշումը, իր իսկ խոսքով, կբողոքարկի հունիսի 20-ից հետո, երբ վերջ կդրվի այս իշխանության կառավարմանը:

«Ցուցակներում, որոնք ներկայացրել եմ դատախազությանը, խոսքը 7 450 000 ՀՀ դրամի մասին է, որը բանկը փոխանցել է իշխող կուսակցությանը: Շատերն են հասկանում, որ դա ծիծաղելի գումար է իշխող կուսակցության քիմքի համար: Կոռուպցիոն փաստարկներն ավելի համոզիչ դարձնելու համար հունիսի 20-ից հետո դիմելու եմ նաև ԱԱԾ-ի նորանշանակ ղեկավարությանը, որպեսզի վերջիններս պարզեն, թե վարչապետի կինը՝  Աննա Հակոբյանը, 2018 թվականին Շվեյցարիա այցելության ժամանակ, ինչքա՞ն գումար ստացավ Սրմաքեշից»,- ասաց գործարարը՝ հավելելով, որ այդ ժամանակ Սրմաքեշի ու իր միջև դատական վեճ էր ընթանում:

Հիշեցնենք, որ գործարարի նշած այցը հրապարակային այց է եղել, լուսաբանվել է ԶԼՄ-ների կողմից, իսկ նպատակը իր հիմնադրամի համալրումն էր:

«Իսկ ամենակարևորն այն է, որ համաձայն օդում կախված լուրերի՝ Վարդան Սրմաքեշն Աննա Հակոբյանին նվիրել է նաև շքեղ առանձնատուն: Ահա սա է պատճառը, որ դատախազությունն անգամ բացատրություն չվերցրեց բանկի ղեկավարությունից»,- ասաց Ռուդոլֆ Հակոբյանը:

Նա 168.am-ի խմբագրությանը տրամադրեց նաև դատախազության մերժման որոշումը, ըստ որի՝ դատախազն իր որոշման մեջ գրում է, որ գումարները, որը փոխանցել է բանկը, իր երևակայության արդյունքն է, չնայած այն բանին, որ գումարների փոխանցման ցուցակները որպես ապացույց ներկայացվել են դատախազությանը:

«Մի՞թե սա զավեշտի ժանրից չէ: Ակնհայտ է մի փաստ. եթե ես դատախազությանը իմ երևակայությունը ներկայացնեի որպես բողոք՝ վաղուց ՀՀ քրեական օրենսգրքի սուտ մատնության հոդվածով կալանավորված կլինեի»,- եզրափակեց Ռուդոլֆ Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել