«Ժամանակակից աշխարհում ոչ բոլոր ժողովուրդներին է հաջողվել անկախ պետականություն ունենալ։ Իսկ հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ պայքար է մղել օտար նվաճողների դեմ իր պետականությունը պահպանելու կամ վերականգնելու հարցում, ամբողջական պատկերացում ունի պետականության արժեքի մասին։ Սակայն պետք է նկատի առնել, որ պետականության թուլացումը կամ զարգացումը մեծապես կախված է երկրի իշխանության կողմից պետական համակարգի նկատմամբ վարած քաղաքականության արդյունքներից։

Եվ պատահական չէ, որ հայոց պետականության անկման իրողությունը շատ հաճախ կապվում է ապաշնորհ և սեփական հավակնություններին գերի դարձած գործիչների, պետական համակարգի կազմալուծման և հայության շրջանում հասունացած բարոյալքության ու երկպառակության հետ։ Այս հանգամանքը էական է նաև այն առումով, որ ներկայումս մենք ապրում ենք բավական բարդ ժամանակաշրջանում, որն ընդհանուր առմամբ լուրջ փորձություն է մեր պետականության համար։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ անկախությունից ի վեր հայոց պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ։

Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի նախընտրած թեմաներից մեկը հայոց պետականության ու ինքնիշխանության մասին խոսելն է, սակայն այնպես ստացվեց, որ հենց իր օրոք մեր պետությունը հայտնվեց այնպիսի ծանր դրության մեջ, երբ անվտանգության և կառավարման համակարգերը քայքայված վիճակում են հայտնվել։ Առաջին հիմնական խնդիրը գալիս է կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության պակասից։ 2018 թվականին վարչապետի պաշտոնում իր ընտրության ժամանակ Փաշինյանը խրոխտ կերպով հայտարարում էր, թե ինքը բարեփոխելու է պետական կառավարման համակարգը, մասնավորաբար ասում էր, թե սուպերվարչապետական համակարգը չպետք է գոյություն ունենա, որը ենթադրում է վարչապետի ձեռքում լիազորությունների գերկենտրոնացում և խոչընդոտում է պետության զարգացմանը։

Այդ համատեքստում նա նույնիսկ խոսում էր նախագահին լրացուցիչ լիազորություններով օժտելու անհրաժեշտության մասին։ Սակայն գնալով կառավարման համակարգի հավասարակշռությունը ոչ միայն շարունակում էր խախտված մնալ, այլև ժամանակի ընթացքում ծանրությունն ավելի էր թեքվում գործադիր իշխանության կողմը։ Փաշինյանը, հասկանալի է, ինչպես միշտ ստել էր. նա պաշտոնամոլ է, հանուն իր աթոռի, իր լիազորությունների նա պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ իր զավակի անունը շահարկելու: Սակայն այդ վիճակին նպաստեց նաև նախագահ Արմեն Սարգսյանը՝ իր իներտ, անդեմ գործունեությամբ, այն աստիճան, որ ստորագրեց իր չեղած լիազորությունների էլ ավելի կրճատման մասին օրենքը: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ էր անում անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց հենց իր պաշտոնավարման օրոք գործադիր իշխանությունը սկսեց դատական իշխանությունը խժռելու գործընթացը։

Երկրի անվտանգության ամրապնդման հարցերով զբաղվելու փոխարեն Փաշինյանը ամիսներով ՍԴ դատավորներին հեռացնելու հարցով էր զբաղված։ ՍԴ-ի ինքնուրույնությունը թուլացնելու նպատակով անգամ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցին, որոնք հակասահմանադրական որակվեցին իրավաբանների կողմից։ Հաջորդ կարևոր խնդիրը վերաբերում է կառավարման համակարգի մասնագիտական որակների փոշիացմանը։ Նախ՝ դա պայմանավորված էր առաջին հերթին պրոֆեսիոնալիզմի ոչնչացմամբ, երբ համատարած կերպով առանցքային պորտֆելներում նշանակվեցին պատահական մարդիկ, որոնք համապատասխան փորձ ու գիտելիքներ չունեին պետական կառավարման ոլորտի անխափան աշխատանքն ապահովելու համար։

Դա առաջացրեց այդ կառույցների այն աշխատակիցների դժգոհությունը, ովքեր տարիների աշխատանքի արդյունքում մեծ փորձ ու գիտելիքներ էին կուտակել։ Այս ամենի հետևանքով պետական գերատեսչությունների ներսում ավելի սրվեցին ներքին հակասությունները։ Դրա համար էլ այսօր պետական կառավարման համակարգի շատ օղակներում բարձիթողի իրավիճակ է, կամ, այսպես ասած, «շունը տիրոջը չի ճանաչում»։ Բացի դրանից, պետությունը պետություն է իր անվտանգության միջավայրով, բայց հենց Փաշինյանի օրոք անվտանգության ոլորտում ստեղծված համակարգը լիովին խաթարվեց, քանի որ Փաշինյանի իշխանությունը իրական անվտանգության ճարտարապետություն կառուցելու փոխարեն ավելի շատ զբաղված էր բանակը վարկաբեկելով, ԱԱԾ-ին անհեթեթ առաջադրանքներ տալով։

Սպաներին ներկայացնում էր իբրև թալանչիներ, իսկ պրոֆեսիոնալներին փոխարինում հարմարվողականներով։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա երեք տարում հինգ տնօրեն փոխելն ինքնին շատ խոսուն է: Չենք ասում, թե նախկինում պետական կառավարման համակարգում ամեն ինչ անթերի է եղել։ Բայց եթե այս երեք տարվա ընթացքում Փաշինյանը հասցրել է այսքան քայքայել պետական համակարգը, ապա ի՞նչ ահռելի ավերածություններ կանի այն դեպքում, եթե, Աստված մի արասցե, հնարավորություն ստանա ընտրությունների արդյունքում վերարտադրվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել