Pastinfo.am-ը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ առերևույթ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարուցված առաջին քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ, այդ թվում՝ պատգամավորի թեկնածու։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործով երկու անձ ձերբակալվել է, սակայն այս պահին արգելանքի տակ գտնվում է մեկ անձ, մյուսն արգելանքից ազատվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով, ևս 6 անձի նկատմամբ կիրառվել է նույն խափանման միջոցը: «Այսինքն՝ ներկա պահին այդ գործով 8 անձ ունի կասկածյալի կարգավիճակ»,- հայտնեց Աբրահամյանը:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ձերբակալված անձանցից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է։ Փաստաբան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեց տեղեկությունն առ այն, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձանցից մեկը, որը դեռևս արգելանքի տակ է գտնվում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է։ Փաստաբանն այս պահին զերծ մնաց մանրամասներ հայտնելուց, քանի որ դեռևս ներգրավված չէ քրեական գործով՝ որպես պաշտպան։

Քրեական գործով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել են, որ քրեական գործն ստացել են ու վարույթ ընդունել, իսկ այլ մանրամասներ այս պահին հայտնելուց զերծ մնացին՝ նշելով, որ մանրամասներ կհայտնեն առաջիկայում։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ նույն օրը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

« Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, այդ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին:

2021թ. հունիսի 9-ի առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 ՀՀ դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- հայտնել են դատախազությունից՝ տեղեկացնելով, որ երկու անձ բերման է ենթարկվել:

Հունիսի 9-ի երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում հայտնել է, որ ընտրակաշառքի գործով երկու անձ ձերբակալվել է, այդ թվում՝ պատգամավորի թեկնածու։

Հունիսի 10-ին քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ այդ հարցին՝ նշելով, թե որևէ մեկը չկասկածի, որ ի վիճակի ենք արմատախիլ անել ժողովրդի կամքը իր վրա ապօրինի ներգործելու ցանկացած փորձ և մտադրություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել