Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում որոշակի դասի հրատեխնիկական արտադրանքի կիրառմամբ հրավառությունների կազմակերպումը կթույլատրվի միայն տոն օրերին կամ կառավարության թույլտվությամբ, իսկ այլ դասի հրատեխնիկական արտադրանքի վաճառքի համար կսահմանվեն կանոններ:   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Փոխնախարարը նշեց, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով 2015-ին ընդունվել են հրավառության սարքերի դասակարգիչներ՝ 1-5-րդ:   3-5-րդ դասերի հրավառության սարքերի օգտագործմամբ հրավառություն կազմակերպելը դառնալու է լիցենզավորման ենթակա գործունեություն: «Եվ նման հրավառությունները հնարավոր է լինելու կազմակերպել միայն տոն օրերին, կառավարության որոշման հիման վրա, իսկ համայնքապետարանները պատասխանատու են լինելու համապատասխան վայրերը և կիրառման կանոնները սահմանելու համար»,- ասաց Ավանեսյանը:

Իսկ 1-2-րդ դասի հրավառության սարքերի համար սահմանվում են վաճառքի կանոններ: Նախագծով վաճառքն արգելվում է 16 տարեկանից ցածր քաղաքացիներին, նաև՝ բնակելի տարածքներում: Վաճառքն արգելվում է նաև առանց համապատասխան կանոնների ներկայացման:  «Արգելվում է 1-2-րդ դասի հրավառության սարքերի վաճառքը, եթե պայթյունի արդյունքում 250 մետրի վրա ձայնային ուժգնությունը գերազանցում է 60 դեցիբելը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանից վերև արդեն սկսում են առողջության համար ռիսկեր առաջանալ»,- ասաց փոխնախարարը:

Ամփոփելով նախագիծը՝ Ավանեսյանը նշեց՝ 3-5-րդ դասի հրավառության սարքերով, որոնք արդյունաբերական կատեգորիաներ են, այսինքն` բավականին բարձր հզորություն ունեն,  հրավառությունները կարող են կազմակերպվել միայն սահմանված օրերին՝ տոն օրերին կամ կառավարության կողմից սահմանված օրերին:

Կախված հրատեխնիկական բաղադրիչի հատկությունից, դրանց քիմիական փոխակերպումների ժամանակ ընթացող պրոցեսների բնույթից՝ հրատեխնիկական արտադրանքները դասակարգվում են կենցաղային նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների եւ տեխնիկական նշանակության հրատեխնիկական արտադրատեսակների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել