168.am-ը գրում է․

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակչում իտալացի հաղորդավարի ոչ կոռեկտ արտահայություններն առաջացրել են հայերի վրդովմունքը։

Իտալահայ պրոդյուսեր Էդգար Հովսեփյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Եվրատեսիլի կիսաեզրափակչի ժամանակ Rai Gold (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) հեռուստաալիքի մեկնաբանը քմծիծաղով և ծաղրական տոնով ասել է, որ Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի դեմ պատերազմն է հաղթել, այլև հայտնվել է եզրափակչում, իսկ Հայաստանը գումար չունենալու պատճառով չի էլ մասնակցել մրցույթին:

«Երբ տեղեկացա, որ նման բան է ասել, անմիջապես կապ հաստատեցի հաղորդավարի ու հեռուստաընկերության տնօրինության հետ: Ճիշտ է, ներողություն խնդրեց՝ ասելով, որ ծաղրանք չէր, հեռուստադիտողը սխալ է հասկացել, ամեն դեպքում նա նկատողություն է ստացել ու թույլ չեն տվել վարել մրցույթի եզրափակիչ փուլը»,- ասաց Էդգար Հովսեփյանը՝ շեշտելով, որ հստակ է մեկ բան՝ հաղորդավարը Հայաստանի մասին ոչինչ չգիտի, ինչ գրել են, այն էլ կարդացել է՝ ցանկանալով մի քիչ հումոր ներդնել:

«Երբ վիրավորում ես մի ամբողջ ազգի՝ կարծում եմ, որ միայն ներողությունը քիչ է: Չնայած պետական հեռուստաալիք է, պատկանում է կառավարությունը, բայց պետք է փորձենք հասնել նրան, որ որոշ ժամանակ դադարեցնեն նրա մասնակցությունը տարբեր հեռուստառադիոհաղորդումներին»,- հավելեց Էդգարը:

Ազգությամբ իտալացի Կամիլլո Բիանկոֆիորեն ևս կարծում է, որ հաղորդավարը բացարձակ գաղափար չունի ոչ Հայաստանի, ոչ էլ արցախյան հիմնախնդրի մասին:

«Վարողը եթերում ասաց, որ Հայաստանը չէր մասնակցում Եվրատեսիլին, քանի որ պատերազմ է պարտվել ու դրա պատճառով փող չունի, տնտեսական ճգնաժամ է ապրում: Ինձ թվում է՝ ինքն անտեղյակ էր, ու վերջ, ոչ թե դիտավորյալ է ասել: Արցախի հիմնախնդրին ծանոթ չէ Իտալիայի քաղաքացին, ոչ էլ 2020թ. պատերազմի մասին գիտեն: Հեռուստաալիքներում երբեք չեն քննարկել այս թեման: Չեն լուսաբանում ու չեն լուսաբանելու: Իտալական լրատվամիջոցները համաթուրքական են, Կառավարությունը՝ նույնպես: Արդեն ադրբեջանական գազ ու նավթ ենք ընդունում»,- նշեց Կամիլլոն:

Հավելենք, որ Իտալիայում ՀՀ դեսպանությունը անդրադարձել է «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ իտալացի հաղորդավարի կողմից Հայաստանի հասցեին թույլ տված ոչ կոռեկտ արտահայտություններին: Ըստ դեսպանության հայտարարության՝ հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն վերահաստատել է՝ ամենևին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։

«Վերջին օրերերին դեսպանությունը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ընթացքում իտալացի հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեսպան Ծովինար Համբարձումյանի նամակին ի պատասխան Rai Gold-ի (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) տնօրեն Ռոբերտա Էննին հայտնել է, որ խորապես ցավում է, որ «Եվրատեսիլում» Հայաստանի բացակայության մասին արված մեկնաբանությունը ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք։ Նա նշել է, որ հաղորդավարը ամենևին նման մտադրություն չի ունեցել, այլ ընդհակառակը՝ ցանկացել է ընդգծել, որ բոլոր հակամարտություններն անխուսափելիորեն ազդեցություն են ունենում յուրաքանչյուրի վրա: Տիկին Էննին նշել է, որ ցավում է, որ հաղորդավարի մեկնաբանությունն ակամայից դժգոհություն է առաջացրել….»:

Ի պատասխան հայ համայնքի բարձրաձայնած դժգոհություններին՝ իր ափսոսանքն է հայտնել նաև հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն, ով վերահաստատել է, որ ամենևին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։ Նա շեշտել է, որ էությամբ պացիֆիստ հանդիսանալով, ցանկացել է ընդգծել, թե որքան գրոտեսկային և անհեթեթ են պատերազմների հետևանքները։ Նա նշել է, որ նպատակ է ունեցել շեշտելու իրադրության դրամատիկ անհամաչափությունը և ընդունել է, որ դա իրեն չի հաջողվել, որ ակնհայտորեն ինքը սխալ է արտահայտվել և շատ ցավում է դրա համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Հայաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին: «Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- ասված էր մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության տարածած հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել