168.am-ը գրում է․

2021 թվականի հունիսի 20-ի ենթադրյալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունները կմասնակցեն դաշինքով. այդ մասին ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմելու ՀՀԿ-ի ընտրությունը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը պայմանավորեց նրանով, որ թեև իրենք նորաստեղծ են, սակայն հասցրել են կայանալ, ուստի քաղաքական դաշտի ամենակայացած և 90-ականներից գործող ՀՀԿ-ն հենց իրենց կուսակցությանը տվեց նախապատվություն, քանի որ, որպես նորաստեղծ կուսակցություն՝ արդեն իրենք ուրույն են և ազդեցիկ ուժ ունեն։

Հարցին՝ եթե իրենք ուրույն կուսակցություն են և ազդեցիկ ուժ ունեն, ինչո՞ւ համաձայնեցին հնարավոր խորհրդարանական ընտրություններին ներկայանալ դաշինքով, Գալստյանը պատասխանեց, որ դրա պատճառը ՀՀ-ում գործող այն չարիքի իշխանությունն է, որի դեմ պետք է պայքարել առավել ջանքեր ներդնելով ու ընտրության չգնալ ընդամենը մի քանի մանդատով խորհրդարանում հայտնվելու մտայնությամբ, ինչին իրենք կարող էին հասնել առանց որևէ այլ ուժի հետ դաշինք կազմելու։

Գալստյանը վստահեցրեց՝ հաշվի առնելով իրենց կուսակցության հեղինակությունը, իրենք չեն մտածում խորհրդարանում հայտնվելու շանսի մասին, դա ունեն, ուստի մտածմունքը պետության առաջ ծառացած լրջագույն խնդիրներն են։

Ի՞նչ կլինի իրենց հեղինակության հետ, երբ քարոզարշավի ժամանակ հանրությունը տեսնի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին այն ուժի հետ դաշինքում, որի անդամներին համարում էր կոռումպացված, ի՞նչ կլինի այդ վարկանիշի հետ, երբ քաղաքացին տեսնի Արթուր Վանեցյանին այն ուժի հետ, որի ղեկավարին մեղադրում էր իրեն կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում խոչընդոտելու համար, և ինչպե՞ս կողմնորոշվի հասարակությունը, երբ տեսնի Արթուր Վանեցյանին, որը կրկնում էր, թե վերադարձ անցյալին չի՛ լինելու, իսկ եթե նախկինները վերադառնային՝ իրեն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին կգնդակահարեին, Խաչիկ Գալստյանը պատասխանեց.

«Ես այդ հարցերին կպատասխանեմ այսպես՝ 2018 թվականին մերժեցինք հարազատական-խնամիական-ծանոթ-բարեկամական կապերը պետական համակարգում, արդյունքում ստացանք նույնը, 2018 թվականին մերժեցինք նախկիններին, ստացանք նախկինների նախկինների վերադարձ։ Ես չեմ կարծում, որ 2018 թվականին հասարակությունը մերժեց նախկիններին, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն ու Անդրանիկ Քոչարյանը ներկայանան՝ որպես նոր Հայաստանի դե՞մք։ Ես անձամբ Արթուր Վանեցյանին հարցրել եմ՝ ի՞նչ ենք պատասխանելու նախորդ իշխանության հետ կապված հարցերին, կարողանալո՞ւ ենք արդյոք այդ մտահոգությունները փարատել, Վանեցյանը վստահեցրել է՝ ինչպես պայքարել է նախկինում, ապագայում ևս պայքարելու է, որ օրենքի հետ խնդիր ունեցող յուրաքանչյուր ոք կանգնի պատասխանատվության առաջ։ Նախկինները միֆականացված բոբո սարքած հավաքական երևույթ են, այո՛, նախկինին վերադարձ չի լինելու, եթե, իհարկե, նախկին ասվածը մեկնաբանում ենք բարքերի, արատավոր սովորույթների համատեքստում, հաստատում եմ՝ դրանց վերադարձ չի լինելու»,- ասաց Գալստյանը։

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին նախորդող 12-օրյա ընտրապայքարին, ապա Գալստյանը նշեց, որ այս ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից տարբերվելու են նրանով, որ ընդդիմադիրները պետք է միմյանց դեմ չպայքարեն, ու հստակ թիրախ պետք է ունենան Փաշինյանի իշխանության հեռացումը։

«Լավ կլիներ, որ բոլոր խոշոր քաղաքական խաղացողները նստեին կլոր սեղանի շուրջ, ունենային քաղաքական պակտ, որով կամրագրեին, որ ունեն հստակ թիրախ, և այդ թիրախը բոլորիս համար պետք է լինի գերակայություն, միևնույն ժամանակ լավ կլիներ, որ ամրագրեինք, որ քաղաքական պակտի մասնակից ուժերից որևէ մեկն ընտրություններից հետո դաշինք չի կազմի այս իշխանության հետ»,- ասաց Գալստյանը՝ շեշտելով, որ պետք չէ ընդդիմադիր դաշտում միմյանց դեմ պայքարելու միտում տեսնել, որովհետև և՛ իրենց դաշինքը, և՛ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ կազմված դաշինքն ընդամենը լինելու են այլընտրանքներ, որպեսզի փաշինյանական իշխանությունից դժգոհ հատվածն ավելի հեշտ կողմնորոշվի։

«Կցանկանայի նաև, որ Առաջին նախագահը մտներ ընտրապայքարի մեջ, սրտանց կուզենայի, որ նրա շուրջ էլ դաշինք ձևավորվեր։ Դա ևս մեկ այլընտրանք կլիներ Նիկոլ Փաշինյանից հիասթափված քաղաքացիների համար՝ ճիշտ ընտրություն կատարելու համար»,- ասաց Գալստյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել