Armenpress.am-ը գրում է.

«Ես կես դարից ավելի նույն գործով եմ զբաղվում…Դժվար է, ծանր է, հատկապես ինքս ինձ հետ կռիվ տալուց հոգնել եմ, բայց ես ուրիշ ոչ մի բանով զբաղվել չեմ կարող, ուրիշ որեւէ բան չգիտեմ, ինքս ինձնից հո չե՞մ կարող փախչել: Ես դերասան եմ: Հիսունչորս, հիսունհինգ ֆիլմերում եմ նկարվել: Դա լավ է, երբ շատ ֆիլմերում ես նկարվում, բայց նայած ինչ ես նկարվում: Կարող ես երեք կամ հինգ ֆիլմում նկարվել, բայց՝ շատ կարեւոր: Եթե լավ չի ստացվում՝ ուրեմն քիչն էլ պետք չի: Այդ առիթով ասեմ, որ իմ բախտը բերեց. շուտ գնացի Ռուսաստան, շուտ մտա այդ կյանք՝ 20-22 տարեկանում ռուսական մի քանի ֆիլմերում նկարվեցի, շփվում էի ոչ ավել, ոչ պակաս՝ Սմոկտունովսկու, Ուլյանովի, Եվստիգնեեւի, այլ մեծերի հետ: Իսկ նմանների հետ շփվելը ուրիշ մի բան էր: Ես լավ դերասաններ տեսել էի՝ Փափազյան էի տեսել, Հրաչյա Ներսիսյանի հետ խաղացել էի, բայց այն տեսակը, որ կոչվում է ռուսական դպրոց, ինձ համար նորություն էր…

Ես շատ երկար ճանապարհ եմ անցել: Երբեմն ասում են, որ բախտս բերել է: Բայց բախտ բերել չկա: Ես 8-10 տարի մասսայական տեսարաններում եմ խաղացել, եւ դա միայն իմ պարագայում չէ: Հիշում եմ՝ ռեժիսորը մի օր ասաց. «Դուք կարող եք 3 տարի դերեր չխաղալ, բայց ուրախ եղեք, որ կանգնելու եք Ներսիսյանի, Փափազյանի կողքին: Ուրախ եղեք եւ սովորեք…»:

Խորեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Մեծանուն դերասանի նախնիները արմատներով Իգդիրից էին, պապ Խաչատուրը, Պետերբուրգում ուսում ստացած, շրջապատում մեծ հարգանք վայելող վարժապետ էր, տիրապետում էր ռուսերենին, ֆրանսերենին, շատ արվեստասեր էր, սիրում էր թատրոնը, իսկ տանը մշտապես բարձրաձայն ընթերցվում էին հայ մեծերի ստեղծագործությունները: Ապագա դերասանը, սակայն, չէր էլ մտածում բեմի մասին. երաժշտական դպրոցներ, պարարվեստի ուսումնարան, վոլեյբոլ, բռնցքամարտի հավաքականի կազմ, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ընդունվելու անհաջող փորձ, ի վերջո, ընկերների հորդոր՝ դիմելու գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Եվ գերազանց հաջողություն՝ բարձր հասակը, գեղեցիկ ու արտահայտիչ դեմքը, հաճելի բարիտոնն այն նախադրյալներն էին, որոնք էլ անմիջապես հրապուրում են ընդունող հանձնաժողովի կազմին, որի ղեկավարն էր խստապահանջ Արմեն Գուլակյանը, ով կարողանում էր ճիշտ ընտրություն կատարել եւ շնորհալիներին բերել իր արվեստանոց՝ Վլադիմիր Աբաջյան, Արմեն Խոստիկյան, Նինել Դալլաքյան, ուրիշներ: Դիպլոմային աշխատանքի երեք ներկայացումներում էլ Խորեն Աբրահամյանն ստանձնում է այնպիսի դերեր, որոնք լիուլի հնարավորություն էին տալիս բացահայտելու դերասանական իր հմտությունները, ի ցույց դնելու տարիներով կուտակված գիտելիքները գործնականում:

1951 թվականից նա արդեն մայր թատրոնի բեմում էր, որտեղ մարմնավորել է բազում դերեր: Դրանցից լավագույններն են՝ Ռուստամը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Արմենը (Գ. Բորյանի «Կամրջի վրա»), Արամը (Ա. Արաքսմանյանի «Վաթսուն տարի, երեք ժամ»), Արան (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյանը (Զ. Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլանը (Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյանը (Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»): Աբրահամյան դերասանին բնորոշ են եղել դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի հղկվածությունը: Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորում էին իր արվեստի ինքնատիպությունը, արտիստական խառնվածքին հատուկ համարձակությունը, արդիականության զգացողությունը: Հետագայում, երբ նա ստանձնելու էր մայր թատրոնի գլխավոր ռեժիսորի, այնուհետեւ զուգահեռաբար նաեւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, հստակորեն դրսեւորվելու էին իր բեմադրած ներկայացումներում՝ Շեքսպիրի «Ջոն արքա», վերոնշյալ «Հացավան», «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը», Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» եւ այլ ներկայացումներում:

Անհնարին է պատկերացնել հայկական կինոարվեստն առանց Խորեն Աբրահամյանի: Տակավին երիտասարդ տարիքում միութենական հնչեղ երեք ֆիլմերում նկարահանված դերասանն արտիստական իր սքանչելի «ձեռագիրն» էր թողնելու շուրջ հիսունի հասնող հայրենի կինոնկարներում: Նրա կինոկերպարներից ամենասիրված եւ համընդհանուր ճանաչում բերած դերերից են Գեւորգը՝ «Սարոյան եղբայրներ», Արսենը՝ «Առաջին սիրո երգը», Պավլեն՝ «Մենք ենք, մեր սարեը», Ռոստոմը՝ «Տերը», Տեր-Ավետիսը՝ «Հուսո աստղ» բարձրարվեստ ֆիլմերում: Այս ֆիլմերից մեկի՝ «Առաջին սիրո երգի» մասին խոսելիս դերասանը չի թաքցրել իր զարմանքը. «…Ինձ անասելի, անսպասելի ճանաչում բերեց այս կինոնկարը. մի առավոտ արթնացա եւ արդեն հայտնի մարդ էի հսկայական Սովետական Միությունում: Այդ ֆիլմի հաջողությունը աննախադեպ էր, չկանխագուշակված: Այն Երեւանի մասին էր, մեր ապրած կյանքի մասին, որի երաժշտությունը գրել էր հանճարեղ Առնոն…»:

Իսկ ինչ են ասել իր մասին մեր ազգային երեւելի դեմքերը:

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ.- Խորենը մեծ արտիստ էր, գիգանտ արտիստ: Խորեն Աբրահամյանը ինձ համար համաշխարհային մեծություն է: Ես աշխարհի ոչ մի դերասանից ցածր նրան գնահատել չեմ կարող՝ սկսած Մառլոն Բրանդոյից: Էդ կարգի դերասան է ինքը, էդ թափի, էդ հզորության, էդ կարողության: Ես նրա հետ շատ-շատ եմ խաղացել եւ միշտ ապշել եմ, զարմացել եմ՝ կատարման ի՛նչ կուլտուրա, ի՛նչ ճաշակ, ինչ խորություն, կերպարի ի՛նչ զգացողություն…

Արմեն ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ.- Խորենը մե՛ծ երեւույթ էր հայկական թատրոնում, հայ մշակույթում առհասարակ: Նաեւ Հայաստանի կյանքում էր նա ուժեղ անձնավորություն: Շա՜տ ուժեղ: Սովորական չէր, բարդ էր, թռիչքային… Նա այն մարդկանցից էր, որոնց երախտապարտ ենք…

Երախտապարտ լինենք ազգովի, քանզի մեծերը մեզ աշխարհին ներկայացնելու եւ դժվարին պահերին ապրեցնելու զորություն ունեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել