Panorama.am-ը գրում է.

«Ես ոչինչ չեմ հասկանում: Մեծե՛ր, լսո՞ւմ եք, ես չեմ հասկանում ձեր կանոնները, ձեր բարոյականություն կոչվածը, ձեր սերը»:

Այսօր 20-րդ դարի կրկեսի նշանավոր արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1935 թվականին Մոսկվայում։

Այսօր ժամը 16:00-ին Երևանյան կրկեսին կից գտնվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակում կայանալու է հայ մեծանուն արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի վերաբացմանը նվիրված միջոցառմանը:

Լեոնիդ Ենգիբարյանը 1953-1955թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ): 1955թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Ենգիբարյանն ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։

1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկել են կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։ 1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։

1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։

Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։

Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2»։ Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ», «Վերջին ռաունդ» գրքերը (երկուսն էլ ռուսերեն)։ Արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։

Ենգիբարյանը ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց» ստեղծագործությունները:

Ենգիբարյան-արվեստագետը  գտնում էր, որ ծաղրածու-մնջախաղացը դառնում է մի երևույթ, որը թատերարվեստում առավել դժվարին ու ինքնատիպ խոսք է ասելու.  չարի ու բարու, լույսի ու ստվերի, ժամանակի ու խղճի մասին` նոր ձևով, նոր լեզվով:

«Նրանք, որոնց սիրում են՝ արտասովոր են դառնում»

«Մտահղացումներով լի հետաքրքիր ու դժվարին շատ կատարումներ մինչև օրս մնացին չգերազանցված, մնացին` Ենգիբարյանական: Պատահական չէ, որ հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանին աշխարհը կոչեց «Բոլոր ժամանակների ծաղրածուն»:

Մեծ դերասանի մահը (հուլիսի 25, 1972, Մոսկվա, )  շատերի  համար մնաց  առեղծված: Իր խաղընկեր Ալբերտ  Մինասյանը  հիշում է Լ. Ենգիբարյանի մոր պատմածից. առավոտյան մայրը  մտնում է որդու սենյակը` արթնացնելու… Իր արվեստի  նման  լուռ, առանց որևէ մեկին անհանգստացնելու, կյանքից հեռացավ լռության հանճարեղ  արտիստը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել