Այս իշխանությունների իրավական անգրագիտության մասին շատ է խոսվել: Կարելի էր մտածել, որ արտակարգ դրության ռեժիմի հետ կապված դրանք հարաբերականորեն քիչ կլինեն, բայց արի ու տես, որ մեր կառավարության հնարավորություններն այդ հարցում անսահման են:

Արտակարգ դրության ռեժիմի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։ Նման ռեժիմ, Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է սահմանվել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում:

Մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելը «Արտակարգ դրության ռեժիմի մասին» ՀՀ օրենքն արտակարգ դրության օպերատիվ կառավարման հարցերը վերապահվում էին պարետատանը, որն անհրաժեշտության դեպքում ստեղծվում էր կառավարության որոշմամբ: Ըստ այդ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ՝ Պարետատուն)։ Պարետատունը կոլեգիալ մարմին էր, որն «իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը» (8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասություն)։ Ըստ օրենքի կոնցեպցիայի՝ պարետատունը կոլեգիալ մարմին էր, իսկ պարետին վերապահված էր ընդամենը պարետատունը ղեկավարելու իրավասություն:

Սակայն արտակարգ դրություն հայտարարելուց հետո և՛ իրավաբանորեն, և՛ փաստացի պարետատան լիազորությունները ստանձնեց պարետը, ինչն ուղղակիորեն հակասում էր օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին և 2-րդ մասի 1-ին նախադասությանը:

Այդ ընթացքում պարետն ընդունել է բազմաթիվ նորմատիվ իրավական ակտեր, որոնց ընդունման իրավասությունը նա չուներ:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ ակտ ընդունելու իրավասություն ունեն միայն Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինները, իսկ դրանք ընդունելու համար անհրաժեշտ է, որ այդ մարմիններն օրենքով ստանան համապատասխան լիազորություն: Ընդ որում, այդ լիազորությունը պետք է լինի բավարար չափով հստակ, այսինքն` համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին:

Ազգային ժողովը 29.04.20 ՀՕ-238-Ն օրենքով այդ հակասահմանադրական պրակտիկան փորձել է շտկել, սակայն դա նրան չի հաջողվել: Ըստ ամբողջությամբ վերախմբագրված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետն արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության տարածքի պարետ: Պարետատունը դարձել է վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին, իսկ պարետը ստացել է «համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր» ընդունելու իրավասություն: Նման կարգավորումը նորից հակասության մեջ է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի այն պահանջի հետ, ըստ որի՝ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքներին:

Ըստ էության, նաև 29.04.20 ՀՕ-238-Ն օրենքի ընդունումից հետո ևս փոխվարչապետը կարող է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունել միայն այն դեպքում, երբ որևէ կոնկրետ օրենք փոխվարչապետին տվել է համապատասխան լիազորություն և միաժամանակ սահմանել այն հարցերի շրջանակը, որը նա պետք է կարգավորի:

Ուստի կենացները քաղցրանում են: Պարետը, նույն ինքը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, այս ողջ ընթացքում վերազանցել է իր լիազորությունները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ՝ քաղաքացիները կրել են ծանր նյութական կորուստներ, դրանք չափվելու են միլիարդներով, ցավոք սրտի, դրանք արժեցել են նաև մարդկային կյանքեր:

Քրեական գործե՞ր եք ուզում՝ սպասեք: Այս ամբողջը կանցնի, ու հերթով պատասխան եք տալու: Ապացույցների կարիք անգամ չկա, դուք այդ ամբողջն արել եք ի լուր աշխարհի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել