Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15-րդ թաղամասում հայտնի «Գարաժ մոլի» տանիքից կրակ և ծուխ են նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կատարման և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բռնկվել են էլեկտրալարերը և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Գարաժ մոլի» անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել