Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են «Renault» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունները: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով  2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին, դրանցից մեկը կոտրել էր խաչմերուկը կարգավորող լուսակիրը, մյուսն էլ՝ երկաթե դարպասի մի հատված: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից «Renault»-ի համարանիշները հաշվառված են ՀՀ նախագահի աշխատակազմում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել