Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը դա ծրագրված կերպով իրականացնողների համար, փառք Աստծո, առայժմ հիմնականում անպտուղ գործընթաց է, որի միակ «արդյունքն» ընդամենը նախկին մի քահանայի անցումն է թիրախավորողների կողմը և ընդամենը մեկ եկեղեցում անցկացված «պատարագ» անունով «միջոցառումը»։
Առաքելական մեր սուրբ եկեղեցու եպիսկոպոսական և քահանայական դասերի, ինչպես նաև նվիրապետական չորս աթոռների միջև որևէ պառակտում տեղի չի ունեցել։
Ոչ միայն չի նվազել, այլ նաև, կարծում եմ՝ ավելացել է Մայր Աթոռին հանրային աջակցությունը, քանզի այն հանդիսանում և դիրքավորվում է ոչ թե որպես բացառապես կրոնական, այլ նաև ազգային հաստատություն՝ ընդ որում, համահայկական մակարդակում փաստացիորեն միակը, որը պահպանում է Արցախի ազգային-հոգևոր բացառիկ կառուցակարգը՝ վտարանդության մեջ գտնվող թեմը։
Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե պետք է հանգստանալ և դադարել աշխատել առկա մարտահրավերները կառավարելու և չեզոքացնելու ուղղությամբ։ Բնականաբար ոչ, քանզի հենց Սուրբ Էջմիածնում ամփոփված Ներես Ե Աշտարակցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված «Պաշտպան Հայրենյաց» բնորոշումն այսօր վերաբերում է ողջ Մայր Աթոռին, իսկ միլիոնավոր հայորդիների հայացքը գամված է հենց Սուրբ Էջմիածնի խաչալույս գմբեթներին։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid034gWE2usPKmcJJUBoHuoBFXjtfdwmz3w3YtBUiW5UTqe2DWo5s1iepfFcajJaMJbSl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



