1Lurer.am-ը գրում է․
Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի Հունգարիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է՝ թե՛ Պորտուգալիայի դեմ խաղից առաջ, թե՛ Իռլանդիայի դեմ խաղից հետո և թե՛ հիմա որևէ տարբերություն չկա․ ունեն մեկ նպատակ՝ հասնել լավ արդյունքի։
«Ինչ վերաբերում է նրանց առաջատարին և ավագին՝ Դոմինիկ Սոբոսլային, կասեմ, որ նա շատ լավ ֆուտբոլիստ է, և համոզված եմ՝ մեզ համար խնդիրներ կստեղծի ոչ միայն նա, այլև ամբողջ թիմը, որովհետև գործ ունենք բարձրակարգ հավաքականի հետ»,-նշել է Մելիքյանը՝ հավելելով, որ մրցակցին լավ ուսումնասիրել են, ծանոթ են թիմի աշխատանքին և փիլիսոփայությանը։
«Մարզիչն արդեն 7 տարի է՝ աշխատում է այս թիմի հետ, իսկ ես՝ 7 շաբաթ։ Դա նշանակում է, որ նա լիովին ճանաչում է իր թիմին, իսկ ես դեռ նոր եմ ծանոթանում․ ավելի շատ այդտեղ եմ խնդիր տեսնում։
Բայց մի բան ինձ հանգստացնում է՝ այն, որ ես հավատում եմ իմ թիմին, և իմ թիմն էլ հավատում է ինձ։ Այո, ոչ-ոքին այս խաղում մեզ համար կլինի լավ արդյունք, որովհետև տնային խաղ չէ, և շատ ուժեղ հավաքականի դեմ ենք խաղալու»,-ասել է մարզիչը։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երրորդ տուրի Հունգարիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին։
Նյութի աղբյուր՝ https://www.1lurer.am/hy/2025/10/10/1/1395672
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել