Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «դրական դինամիկայից» և պատրաստ է հարաբերությունների «ամբողջական կարգավորմանը», թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա հավելել է, որ կարելի է շատ ավելին անել, հատկապես երբ խոսքը վերաբերում է հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
Կոստանյանը Էրդողանի և Փաշինյանի բանակցությունները «շատ դրական» է որակել, քանի որ երկու առաջնորդներն էլ «միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն» են դրսևորել:
Նա նշել է նախկին պայմանավորվածություններն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար՝ 2022 թվականի հուլիսին Վիեննայում նորմալացման բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Եվս մեկ անգամ հաստատել ենք, որ հայկական կողմը պատրաստ է։ Իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքային և տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, և պատրաստ ենք սկսել համաձայնագրի իրագործումը»,-նշել է դիվանագետը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել