Tert.am-ը գրում է.
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով 2024 թվականի սեպտեմբերի 25-30-ը կմեկնի Կանադա:
Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ պատվիրակության կազմը 12 հոգուց է բաղկացած, որից 5-ն են պատգամավոր ու բոլորը իշխող ուժից՝ Ալեն Սիմոնյան, Արման Եղոյան, Ռուստամ Բաքոյան, Արթուր Հովհաննիսյան, Հասմիկ Հակոբյան: Պատվիրակության կազմում է նաև ԱԺ նախագահի խոսնակը, պատվիրակության մյուս անդամներն ԱԺ աշխատակազմից են:
Այսօր մամուլում հրապարակվել էր, որ ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն, նրանք չեն ընդգրկվում պատվիրակությունների կազմում:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ԱԺ բարեկամական խմբի ընդդիմադիր ղեկավարները չեն ընդգրկվում պատվիրակությունների կազմում, նշեց.
«Կանադա մեկնող պատվիրակությունը կազմվել է այն պատգամավորներից, ովքեր ակտիվ դերակատարում ու ներդրում ունեն հայ-կանադական հարաբերությունների խորացման ու զարգացման հարցում։ Հենց այս չափանիշով է կազմվել մեկնող պատվիրակության կազմն ու նպատակահարմար է գտնվել ներառել հենց ընդգրկված պատգամավորներին»։
Նրա խոսքով՝ այս սկզբունքով էլ ընտրվում են բոլոր պատվիրակությունների կազմերը:
Ճշտող հարցին՝ հայ-կանադական բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝ պատվիրակության կազմում չընդգրկվելը կապ ունի՞ օրերս ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեի տարածած այն հայտարարության հետ, թե չեն ողջունում Ալեն Սիմոնյանի այցն Օտտավա, պատասխանեց.
«Ո՛չ, դա կապ չունի այդ հայտարարության հետ: Պատվիրակության անդամների ցանկը կազմվել է այդ հայտարարությունից դեռևս մեկ ամիս առաջ»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայ-կանդակական բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց՝ ակնհայտ է, որ ընդդիմադիր պատգամավորների համար մշտապես խոչընդոտ են ստեղծում՝ ընդգրկվելու միջազգային պատվիրակությունների կազմի մեջ:
«Պատճառը մեկն է՝ միջազգային ամբիոններում ու հարթակներում, այլ երկրներում ընդդիմությունը բարձրաձայնում է իշխանությունից տարբերվող և ամբողջությամբ հակառակ տեսակետ և բարձրացնում է Հայաստանի ազգային շահերից բխող հարցեր՝ սկսած Արցախ վերադարձի իրավունքից, մինչև գերիների ազատում: Իշխանություններն այլ գծի մեջ են, դա է պատճառը նաև, որ ոչ միշտ են ընդգրկում ընդդիմադիրներին», - ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: