ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։
Ինչպես գրում է Mehr գործակալությունը, այդ մասին Շոյգուն հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»,- ասել է Շոյգուն։
Իր խոսքում նա նաև նշել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցում գտնվող երկրի եռյակ կղզիների նկատմամբ:
Ահմադիանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների/Ազգային անվտանգության խորհրդականների 14-րդ հանդիպմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ահմադիանը ՌԴ-ում ռուս պաշտոնյաների քննարկելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուրջ Իրանի դիրքորոշումը:
Վերջին շրջանում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու մամուլն անդրադառնում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» ՌԴ-ի աջակցությունը՝ ընդգծելով ՀՀ սահմանների խախտման անթույլատրելիությունն ու այս հարցում Իրանի կարմիր գծերը: