Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի տաճարի վերաօծման արարողությանը։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու աղբյուրները։
Մյուռոնօրհնեքը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին, իսկ տաճարի վերաօծման արարողությունը` սեպտեմբերի 29-ին։
Օգոստոսի վերջին վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ մինչ օրս Մայր աթոռից հրավեր չի ստացել` մասնակցելու Մայր տաճարի վերաօծման և մյուռոնօրհնեքի արարողություններին։
Նշենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության միջև առկա տարաձայնությունների մասին սկսել են խոսել 2018 թվականին նրա իշխանության գալուց անմիջապես հետո։ Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ հենց իշխանություններն են հրահրել Գարեգին Բ կաթողիկոսի դեմ տարվող շարժումը։ Եկեղեցու և ՀՀ իշխանությունների միջև եղած խնդիրներն ավելի սրվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ հոգևորականները պահանջեցին վարչապետի և նրա թիմի հրաժարականը։