Հայաստանում նոր օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները:«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը: 

Օրենսդրական նախաձեռնությամբ տրվել է սահմանումը, թե ինչ է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը, ինչպիսին պետք է լինեն դրա հիմնական բնութագրերը, ինչպիսին պետք է լինի այդ միջոցների կահավորումը:Այսպիսով` սահմանվել է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց՝ մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ):

«Առանձնացվել է մինչև 18 տարեկանների և 18 տարեկանից բարձր խմբերը, որոնց համար սահմանվել են համապատասխան վայրեր՝ տվյալ միջոցից օգտվելու համար: Մինչև 18 տարեկանների համար սահմանվելու են վայրեր՝ բացառապես ՏԻՄ-ի կողմից, որոնք անվտանգության տեսանկյունից ապահով են: Այսինքն՝ մինչև 18 տարեկան անձինք դա կարող են վարել միայն ավագանու կողմից հաստատված հատուկ տարածքներում: Իսկ 18-ից բարձր տարիքային խմբի համար սահմանվել են այն երթևեկելի մասերը, տարածքները՝ սկսած հեծանվային ուղիներից, վերջացրած ճանապարհների աջ եզրագծերով, որոնցից կարող են օգտվել»,-ասաց փոխնախարարը:

Սահմանվել են նաև այն առանձնահատուկ պայմանները, որոնք պետք է պահպանվեն դրանց վարման ժամանակ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսվել են նաև վարչական իրավախախտումներ ինչպես անհատների համար, այնպես էլ տվյալ տրանսպորտային միջոցը վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար:  Ըստ նրա՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ամբողջությամբ կանոնակարգել ոլորտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել